«Մեզ ասում են՝ ձեզ վարկ կտանք, եթե Երևանում մեկ սենյականոց բնակարան ունենաք». Ամասիայի գլխավոր պանրագործարանի վաճառքի պատասխանատու
«Պետությունը, մտածելով գյուղացիների մասին, կմտածի նաև երկրի տնտեսության մասին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ամասիայի գլխավոր պանրագործարանի վաճառքի պատասխանատու Մկրտիչ Անուշյանը՝ «Arm Prod Expo» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ:
Ընկերությունն արդեն 80 տարեկան է: Արտադրում են 17 տեսակի պանիր, բայց առավել հայտնի է «Ամասիա» տեսակի պանրով, որը նման է Լոռու պանրին:
Մ. Անուշյանն ասաց, որ իրենց արտադրանքն արտահանվում է նախկին Խորհրդային Միության երկրներ, Իրան, եվրոպական մի շարք երկրներ և Արաբական Էմիրություններ:
Հարցին, թե՝ տարեկան ինչքա՞ն արտադրանք եք ունենում, Մ. Անուշյանն այսպես պատասխանեց. «Կաթնամթերքի և պանրի արտադրության ոլորտում տարեկան ասելը սխալ է, գոյություն ունի պասիվ, ակտիվ և միջին ռեժիմ: Ներկա պահին անասունների կաթնատվությունը շատ ցածր է: Մենք աշխատում ենք մոտ 2800 տնտեսությունների հետ, որոնցից կաթ ենք հավաքում, մեր արտադրական հզորությունները մենք ներկա պահին օգտագործում ենք 50 տոկոսով, որը կազմում է օրական 50 տոննա կաթ, իսկ 50 տոննայից լինում է 10-12 տոննա պատրաստի արտադրանք»:
Նրա խոսքով՝ իրենք կարողացել են հաղթահարել ամեն դժվարություն և ներկայումս էլ խոշոր վերակառուցում են անում. «Ցավում եմ, որ Հայաստանի տնտեսական վիճակը շատ վատ է, ու անասնապահությամբ զբաղվող գյուղացին շատ դժվար է ապրում: Ներկայումս գյուղացին չի կարող զբաղվել գյուղատնտեսությամբ»:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում՝ Մ. Անուշյանը պատասխանեց, որ մարդ չկա: Մեր ճշտող հարցին էլ՝ իսկ պետության դերը ո՞րն է այստեղ, նա պատասխանեց, որ պետությունն անում է այն, ինչ կարող է անել:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե այսօր պետությունն արդյոք ստեղծե՞լ է բոլոր պայմանները, որ գյուղացուն իր հոգսի հետ մենակ չթողնի ու խթանի գյուղատնտեսության զարգացումը: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ, նախ, ղեկավարը պետք է մասնագետ լինի: Մեր ճշտող հարցին, թե, ըստ Ձեզ, մասնագետ չէ՞,
Մ. Անուշյանն այսպես պատասխանեց. «Չեմ ասում՝ մասնագետ է, թե մասնագետ չէ, բայց ինքը պետք է ամբողջովին անցնի գյուղացու ուղին, ոչ թե դա լինի ցուցադրական: Տնտեսական աճի մեջ գյուղատնտեսական արտադրանքը շատ չնչին տոկոս է կազմում, ցավալի է: Դրա համար պետությունը պետք է անպայման ֆերմերների մեջքին կանգնի»:
Հարցին, թե ինչքանո՞վ է կանգնում՝ մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Մենք մթերման գործընթացում ամբողջ տարին ենք մթերում, այսինքն՝ մեզ ամբողջ տարի շրջանառու միջոցներ են հարկավոր: Պատկերացրեք՝ Ամասիան լեռնային շրջան է, անկախ նրանից, թե դա բարձր արտադրողականության գործարան է, հնարավորություն չկա, որ մենք մեր ծավալները մեծացնենք: Ժամանակ առ ժամանակ մեք դիմում ենք վարկային կազմակերպություններին, որ գումար տրամադրեն:
Մի տարօրինակ բան ասեմ. մեզ ասում են, թե մենք ձեզ վարկ կտանք, եթե դուք ունենաք Երևան քաղաքում մեկ սենյականոց բնակարան, անկախ նրանից, որ ձեր 1000 քառակուսիանոց արտադրական տարածքը Ամասիայում է, դա չի ծախվում: Այսինքն՝ մեզ էլ է թիկունք պետք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: