Ի՞նչ շահեցին Ուկրաինան և Մոլդովան՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելով

«Չնայած այն դժվար իրավիճակին, որում գտնվում է Ուկրաինան, առաջին հերթին նկատի ունեմ Ռուսաստանի ագրեսիան, Ուկրաինան հասել է որոշակի արդյունքների»,- այսօր տեղի ունեցած «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոն:

Նրա խոսքով՝ մայդանից կամ, ինչպես իրենք են ասում՝ «արժանապատվության հեղափոխությունից» հետո՝ ուկրաինացիների մեծ մասն ասել են, որ Եվրամիության արժեքներն իրենց արժեքներն են. «Տարբեր ծրագրերով, ինչպիսին Արևելյան գործընկերությունն է, որն այսօր հիշատակվեց, և մյուսներով նույնպես, մենք հնարավորություն ենք ունեցել հասնել որոշակի չափանիշերի, որոնք բերել են որոշակի առաջընթաց Ուկրաինայում, իհարկե, ոչ բոլոր ոլորտներում, բայց շատ ոլորտներում: Կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանը նույնպես ունի նման հնարավորություն: Այսօր խոսվում էր այն մասին, թե ինչ հնարավորություններ է տալիս Արևելյան գործընկերությունը, կարող եմ վստահորեն ասել, որ այդ 6 երկրների կողմից կան ԵՄ-ին ինտեգրվելու տարբեր հետաքրքրությունների մակարդակներ, բայց այն կետը, որտեղ մեր հետաքրքրությունները կարող են համընկնել, դա ազատ տեղաշարժվելու ոլորտն է»: Իրինա Սուշկոն ընդգծեց, որ ազատ վիզայի ռեժիմը ԵՄ երկրների հետ մեծ հնարավորություններ է տվել իրենց երկրին:

Մոլդովայի Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուն էլ նշեց, որ իրենց նվաճումներից մեկն ազատ վիզայի ռեժիմի ձեռքբերումն է ԵՄ երկրների հետ. «Կարևորություն ունի մերձդնեստրյան հակամարտության խնդիրը, որը սկիզբ առավ 1992 թվականին: ԵՄ-ի հետ համաձայնագրի գործընթացի ներքո հասարակության մեջ ի հայտ եկան տարբեր խմբավորումներ, որոնց մի մասը նախապատվելի էր համարում Մոլդովայի և Ռումինիայի միավորումը: Ներկայումս, գտնվելով ԵՄ համաձայնագրի շրջանակներում, մենք վերանայում ենք մեր մոտեցումներն այդ հակամարտության կարգավորման, խնդրի լուծման վերաբերյալ»:

Նրա խոսքով՝ Մոլդովայի համար ակնառու են դրական հետևանքներն և արդյունքները ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուց հետո, որի օրինակներից մեկը Ուկրաինայի և Մոլդովայի համատեղ ջանքերն են մերձդնեստրյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ:

«Ազատ վիզայի ռեժիմը բավականաչափ նպաստել է, որ մեր քաղաքացիներն այցելեն ԵՄ երկրներ, տեսնեն իրենց հարազատներին: Գոհացուցիչ վիճակագրություն գոյություն ունի արտահանման մասով. Մոլդովայի արտահանման 67 տոկոսը կազմում է Եվրամիության երկրներ: Մենք նաև զգում ենք դրական ազդեցությունն այն բարեփոխումների, որոնք իրականացվել են այդ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում»,- նշեց Յուլիան Ռոսուն:

Տեսանյութեր

Լրահոս