Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները ՍԴ հայց կներկայացնեն Կատալոնիայի անջատման կարգի օրենքի կապակցությամբ

Իսպանիայի կառավարությունը հայց կներկայացնի Սահմանադրական դատարան (ՍԴ) լույս սեպտեմբերի 8-ի գիշերը Կատալոնիայի խորհրդարանի կողմից ընդունված անցումային շրջանի մասին օրենքի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ինինգո Մենդես դե Վիգոն: Այս որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի սեպտեմբերի 8-ի նիստում, պատմել է նա մամուլի ասուլիսում: Մենդես դե Վիգոն Կատալոնիայի օրենսդիրների ընդունած օրենքը որակել է «նվազագույն իրավական երաշխիքներով» փաստաթուղթ:

Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն հանրաքվեում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում: Օրենքը կգործի երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ ինքնուրույն խորհրդարանական հանրապետության ստեղծման գործընթացի կիրարկումը:

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը (Ժեներալիտետ) ընդունել է օրենք հանրաքվեի մասին եւ կից փաստաթղթեր, մասնավորապես, ընտրական հանձնաժողով կազմելու եւ քվեարկության կազմակերպման սկզբունքների մասին: Սեպտեմբերի 7-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանն արտահերթ նիստում կասեցրել է այդ բոլոր փաստաթղթերի գործողությունը: Իսպանիայի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են Կատալոնիայի զանգվածային լրատվամիջոցներին, ինքնավար մարզի պետական ծառայողներին եւ ոստիկանության ղեկավարությանը դատական վճիռների չկատարման հետեւանքների մասին:

Ի պատասխան Սահմանադրական դատարանի վճռի՝ ինքնավար մարզի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ «Կատալոնիայում ժողովրդավարությունը ոչ ոք չի կանգնեցնի»:  Մինչդեռ Կատալոնիայի գերագույն դատախազությունը հայց է ներկայացրել Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի եւ նրա կառավարության անդամների դեմ հոկտեմբերի 1-ին անկախության շուրջ հանրաքվե նախաձեռնելու համար: Դատախազությունը Ժեներալիտետի ղեկավարին եւ կառավարության անդամներին մեղադրում է այն բանում, որ նրանք անտեսել են Սահմանադրական դատարանի նախորդ որոշումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս