Կրթության պետա­կան տեսչության պետը փոխվել է, ստորագրությունը մնացել է նույնը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս չձևավորված Կրթության պետա­կան տեսչությունն օրեր առաջ չեղյալ էր հայտարարել Արմավիրում ստուգումների հրամանը, իսկ հիմա էլ մեկը մյուսի հետևից հրամաններ է արձակում ստուգումների մասին: Մենք օրեր առաջ գրել էինք, որ տեսչության ժամանակավոր պաշտոնա­կատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկ­նածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը, ով պաշտոնավարման հենց առաջին օրերին չեղյալ էր համարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը:

Նոր հրամաններով՝ 2017թ. ուստարվա սկզբին նախատեսվում են ստուգումներ Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում: Հարց է առաջանում՝ մի տեսչություն, որը դեռ ձևավորված չէ՝ պետ, աշխատակազմ, տեսուչներ չունի, ինչպես է ստուգումներ անելու: Եվ ամենազավեշտալին այն է, որ օգոստոսի 29-ին արձակված հրա­մանները ստորագրված են Արամ Կարա­պետյանի կողմից, ով արձակուրդում է և այլևս չի վերադառնալու: Ավելին՝ պետի նոր պաշտոնակատար կա: Ստացվում է, որ կամ տեսչությունում ստորագրություն են կեղծել, կամ չեն փոխել բլանկի վրայի անունն ու ստորագրությունը:

Կրթության պետական տեսչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ Արամ Կա­րապետյանի փոխարեն ստորագրել է փոխարինողը՝ Կարապետյանի անվան դիմաց գիծ քաշելով, ինչն էլ նշանակում է, որ ստորագրությունն Արամ Կարապետյանինը չէ: Այն հարցին, թե ինչպես կարող է չկազմավորված տեսչությունը գնալ ստուգումների, մեզ ասացին. «Դա կազմավորվելու հետ ընդհանրապես կապ չունի, տեսչությունը գործում է, կարող է ստուգումներ իրականացնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս