«Չեմ կարծում, որ հանուն դրա Սարգսյանը կմեկներ Պուտինի հետ հանդիպման». Վադիմ Դուբնով
Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովի հետ
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը մեկնում է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանց օրակարգում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: Իսկ սեպտեմբերին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախօրյակին, Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելելու է Բաքու։ Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումներից։
– Եթե կարճ պատասխանեմ, ապա ոչինչ պետք չէ ակնկալել, քանի որ, կարծում եմ՝ Սարգսյանը Պուտինի հետ քննարկելու շատ թեմաներ ունի՝ անկախ ավանդական Ղարաբաղյան թեմայից։ Կարծում եմ՝ շատ ընթացիկ հարցեր կան, իսկ Ղարաբաղյան խնդիրն այստեղ հարմար է նրանով, որ դրա շուքի ներքո կարելի է թաքցնել ցանկացած քննարկումներ, որոնք այդքան մասշտաբային չեն, բայց գուցե շատ ավելի կարևոր են թե՛ Մոսկվայի, թե՛ հատկապես Երևանի համար։ Օրինակ՝ հեռանկարային-ռազմավարական, ռազմատեխնիկական հարցեր, կամ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի խնդրին, և այլն։ Ըստ էության, դրանք հարցեր են, որոնք չեն առնչվում Ղարաբաղին, թեև կարող է՝ որոշակի կոորդինացիոն հայտարարություններ, քայլեր կամ ցանկություններ լինեն Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման կապակցությամբ։ Կարծում եմ, որ դա հնարավոր է, բայց չեմ կարծում, որ հանուն դրա Սարգսյանը կմեկներ Պուտինի հետ հանդիպման։
Ինչ վերաբերում է Էրդողան-Ալիև հանդիպմանը, կարծում եմ՝ այս դեպքում Ղարաբաղյան թեման մի քիչ ավելի շատ կարծարծվի, քանի որ Ալիևին հետաքրքրում է Էրդողանի դիրքորոշումն արտաքին քաղաքականության ոլորտում, իսկ Էրդողանին նույնպես հետաքրքրում են կոորդինացման հավանական հնարավորությունները, իրենց միջև եղած հակասությունների լուծման հնարավոր ուղիները, քանի որ այժմ Էրդողանի համար Ադրբեջանը շատ կարևոր է։ Իսկ Թուրքիան Ալիևի համար սկզբունքորեն միշտ է կարևոր։ Կարծում եմ, որ Էրդողանը Ղարաբաղի հարցով որևէ լուրջ խոստումներ չի տա Ալիևին, բայց դիրքորոշումների հստակեցում և Թուրքիայի կողմից ավելի հստակ հայտարարությունների մասին խոստումներ Ալիևին կհաջողվի ձեռք բերել։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, չեմ հիշում, թե թվով որերորդն է, բայց հաշվի առնելով, թե ինչ է եղել նախկինում այդ հանդիպումների ժամանակ, ակնկալիքներ կրկին պետք չէ ունենալ։ Կողմերի դիրքորոշումները սկզբունքորեն բոլորովին համատեղելի չեն։ Հանդիպումը բավականին տեխնիկական է, և հիմնականում տեխնիկական հարցեր կքննարկվեն։ Ադրբեջանը կփորձի ձգտել, որ այդ տեխնիկական հարցերը կապվեն ավելի գլոբալ հարցերի հետ, իսկ Հայաստանը կպնդի, որ քննարկումը սահմանափակվի զուտ տեխնիկական հարցերի շուրջ, օրինակ՝ մոնիտորինգ, և այլն։
– ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Ձեր կարծիքով՝ կկայանա՞ այդ հանդիպումը և արդյո՞ք արդյունավետ կլինի։
– Եթե ոչ մի էքստրաօրդինար բան չպատահի, շփման գծում սուպերսրացումներ չլինեն, կամ աշխարհում գերիրադարձություններ չլինեն, կամ խելահեղ դեմարշեր չլինեն Մոսկվայի, Անկարայի կամ Թեհրանի կողմից, չեմ տեսնում ոչինչ, որ կխանգարի այդ հանդիպմանը, բայց չկան որևէ նախադրյալներ, որ այդ հանդիպումը դառնա պատմական։
– ՄԽ ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել է, թե ժամանակն է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը վստահության բարձրացման համար քայլեր ձեռնարկեն։ Այս ազդակն Ադրբեջանի՞ն է ուղղված, և արդյոք դա նշանակո՞ւմ է, որ առաջ է մղվելու Վիեննայի օրակարգը։
– Ես այդ հայտարարությունը կդասեմ հերթականների շարքին։ Վստահության բարձրացման միջոցառումների անհրաժեշտության մասին անցած տարի ապրիլյան պատերազմից հետո մենք անդադար լսում ենք, դա հիմնական դիրքորոշում է և հերթապահ հայտարարություն, որը որոշակի տեխնիկական փոխզիջում է բոլոր համանախագահների համար, քանի որ որևէ այլ դիրքորոշում չի կարող փոխհամաձայնության արժանանալ որևէ կողմից։
– Իսրայելի պաշտպանության նախարարությունը քննում է իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունը հայկական դիրքին մահապարտ ԱԹՍ-ով հարվածին: Իսրայելական «Մաարիվ» պարբերականի կայքը հաղորդել է, որ Ադրբեջանն առաջարկել է նոր մահապարտ Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Ձեր կարծիքով՝ սա ի՞նչ պատմություն է, Իսրայելի քաղաքականության մեջ փոփոխություն նկատո՞ւմ եք։
– Սա ինձ համար շատ խորհրդավոր պատմություն է։ Կարծում եմ, որ խոսքը բոլորովին քաղաքական գործունեության մասին չէ, այլ ընկերության ղեկավարության խնդիրն է։ Կասկածում եմ, որ իսրայելցիները կգնային նման դեմարշի Հայաստանի դեմ՝ քաղաքական կամ որևէ կեղծ քաղաքական իմատով։ Դա բավականին մեծ գլխացավանք է Իսրայելի ղեկավարության համար։ Դա ավելի շուտ տեղական մակարդակի հիմարություն է ընկերության ղեկավարության կամ աշխատակիցների կողմից։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ աղմկահարույց պատմությունը քաղաքական բնույթ չի կրում։