Բաժիններ՝

Բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչների խորհուրդները՝ երիտասարդներին. Camp Fire Talks

Սևանի ափին շարունակվում է աշխարհում իր ձևաչափով առաջին վրանային բիզնես-ֆորումը՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը

Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի ճամբարի շրջանակներում տեղի են ունենում Camp Fire Talks-եր:

«Մասնակիցների թիվը մեծացել է, և հենց այդ պատճառով մենք ավելացրել ենք նոր ֆորմատ ՝ «Camp Fire Talks», որի շրջանակներում բիզնես ոլորտում հաջողության հասած մարդիկ կկիսվեն իրենց փորձով։ Նրանք կխոսեն ոչ միայն հաջողության հասնելու, այլ նաև անհաջողությունից խուսափելու մասին»,- նշել էր «Սևան Ստարտափ Սամմիթի» կրթական ծրագրի համակարգող Հովհաննես Երիցյանը:

Camp Fire Talks-երի ընթացքում վրանային ճամբարի մասնակիցների հետ են հանդիպել ոլորտի մի շարք հայտնի ներայացուցիչներ, այդ թվում՝ Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը, Shadowmatic խաղի համահեղինակ Բագրատ Դաբաղյանը, gg ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը, Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ArmComedy հաղորդաշարի հեղինակ և վարող Սերգեյ Սարգսյանը և այլք:

Կարդացեք նաև

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտրրոսյանը կիսվեց իր փորձով, խոսեց ստարտափի հաջողության 3 հիմնական սկզբունքների, Zangi-ի հաջողությունների ու տեսլականի մասին։

«Zangi messenger»-ը բավականաչափ տարածում է ձեռք բերել 2015 թվականին շուկա դուրս գալուց հետո, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ HD որակի ձայնային և տեսազանգերով,  ինտերնետի խնայողությամբ, արագ և անվտանգ նամակագրությամբ կազմակերպությունը հանդիսանում է ժամանակակից նամակագրության տեխնոլոգիա, որը ճանաչելի է ամբողջ աշխարհում՝ որպես գլոբալ բրենդ։

Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ հաջողության համար ամենից կարևորը ֆինանսը չէ: Կարևոր է ունենալ լավ թիմ, կարողանալ աշխատել թիմում և համախմբվել մեկ նպատակի շուրջ:

«Ֆինանսը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չէ: Կարող եք ունենալ քիչ ֆինանս, բայց մեծ արդյունք: Ինչ-որ էտապում ֆինանսը կարող է անգամ խանգարել»,- նշում է Վահրամ Մարտիրոսյանը:

Ի դեպ, հատուկ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի համար Zangi մեսինջերը ստեղծել է ստիկերների փաթեթ:

Shadowmatic խաղի համահեղինակ Բագրատ Դաբաղյանը խոսել է Հայաստանում խաղեր արտադրելու հետ կապված դժվարությունների, իրենց գրանցած արդյունքների մասին:

Ըստ Բագրատ Դաբաղյանի՝ իրենց հաջողության գրավականներից մեկն այն է, որ իրենք ամեն բան արել են ընկերներով, անգամ՝ խաղի երաժշտությունը:

«Կարևոր է թիմային աշխատանքից հաճույք ստանալը: Լավ աշխատանքն ինձ համար այն է, որ մենք ամեն ինչ անում ենք ոչ թե գումար վաստակելու, այլ կոնկրետ նպատակի համար»,- նշում է Բագրատ Դաբաղյանը:

CampFire Talks-երից մեկը վարել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։

Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովի ընթացքում խարույկի շուրջ հավաքված մասնակիցների հետ նա կիսվել է բլոքչեյնի մասին իր գիտելիքներով:

Ալեքսեյ Կիմը ծանոթացրել է մասնակիցներին բլոքչեյնի պատմությանը, խոսել կրիպտոարժույթի և մայնինգի մասին, ինչպես նաև ներկայացրել է բլոքչեյնների կիրառման ոլորտներն ու Ethereum հարթակը։

«Ինձ հաջողվեց մասնակցել և ելույթով հանդես գալ հիանալի միջոցառմանը՝ Sevan Startup Summit 2017-ին։ Շատ ոգևորիչ միջոցառում էր, ակտիվ երիտասարդներ էին և հետաքրքիր գաղափարներ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս ամենն անցկացնելու և ինձ հրավիրելու համար»,-  նշում է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենը:

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակիցներին խորհուրդ է տվել պայքարել հնի դեմ և ստեղծել լրիվ նոր ու տարբերվող ինչ-որ բան. «Դուք պետք է ստեղծեք նոր բիզնես մոդել: Պետք է լինի նոր մի բան, որը տարբերվող է, արդյունավետ է և բխում է սպառողների շահերից»:

Ելնելով իր անձնական փորձից՝ Անդրեյ Պյատախինը նշել է, որ չպետք է միանգամից ոգևորվել ինչ-որ գաղափարով և մտածել, թե դրանից կատարյալ միտք չէր կարող լինել: Լավ բիզնեսի համար պետք է անել այնպես, որ հրաշալի միտքը բխի հաճախորդների շահերից:

«Միշտ չէ, որը նորը լավն է: Պետք է գտնել ցավը և առաջարկել դրա համար նախատեսված դեղամիջոցները: Այսպես կարող եք հաջողության հասնել»,- ասել է նա:

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017» նախագծի ղեկավար Վահագն Ռափյանը նշում է, որ այն փաստը, որ հայկական ստարտափները միանում են սամմիթին և պարգևատրում որոշ ստարտափներին, խոսում է այն մասին, որ մենք ունենք ուժեղ և աճող ստարտափ «համայնք», որտեղ պատրաստ են աջակցել միմյանց։

«Սա կօգնի սամմիթի մասնակից ստարտափներին գիտակցել, որ նրանք կարող են հասնել այդչափ հաջողության»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս