Բաժիններ՝

«Ձեզ անվանակոչում եմ ցռան մոզի». Պավել Մանուկյանը՝ դատավորին. aysor.am

Այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստում, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական անգամ սանկցիա կիրառելու մասին որոշումը կայացնելուց հետո վերադարձավ խորհրդակցական սենյակից, ստիպված էր նոր սանկցիա կիրառել: Այս անգամ, aysor.am-ի փոխանցմամբ՝ դատավորի թիրախում հայտնվեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանը և Սմբատ Բարսեղյանը:

Վերջինը փոձեց խոսել, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը միանգամից ընդհատեց նրան և հայտարարեց, որ մինչ այդ նրա նկատմամբ կիրառվել է նախազգուշացում սանկցիա, իսկ այժմ որոշում է 10 ժամով հեռացնել դատարանի դահլիճից:

«Ես էլ դատական սանկցիա արդեն կիրառել եմ ամբողջ հանրապետության ղեկավարության վրա»,- հայտարարեց Բարսեղյանը և ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ նիստերի դահլիճից:

«Մանկապատանեկան դպրոց ա՞, ինչա՞ չեմ հասկանում», – տեղից խոսեց Պավել Մանուկյանն ու շարունակեց.

«Պարոն Գաբրիելյան, 27 տարի առաջ ես զենք վերցրեցի ի սեր ճնշված մեր ազգի»:

Սակայն դատավորը ընդհատեց. «Պավլիկ, ես ասել եմ՝ հարգալից եղեք օրենքի ու դատարանի առաջ»:

«Ընդհակառակը, ես փորձում եմ ամեն կերպ հարգալից վերաբերվել ձեր հանդեպ, բայց դուք…». Այս անգամ էլ Պավել Մանուկյանի խոսքը դատավորը կիսատ թողեց. «Ձեզ էլի եմ ասել՝ տեղից մի խոսեք առանց իմ թույլտվության: Երբ թույլ կտամ, Պավել Մանուկյան, էն ժամանակ խոսեք, եղա՞վ»:

Ի պատասխան Պավել Մանուկյանը հիշեցրեց, որ նախորդ անգամներն էլ ինքը փորձել է հայտարարություն անել, սակայն Գաբրիելյանը թույլ չի տվել, ինչը անում է նաև այսօր:

Գաբրիելյանը կրկնեց՝ հորդորելով չխանգարել շարունակել նիստը ու սպառնաց.

«Եթե խանգարեք, ձեր նկատմամբ կկիրառեմ սանկցիա»:

Մանուկյանի նյարդերը տեղի տվեցին.

«Ես էլ ձեր նկատմամբ սանկցիա կկիրառեմ»:

Այս հայտարարությունից հետո Գաբրիելյանը հայտարարեց, որ Մանուկյանի նկատմամբ կիրառում է սանկցիա՝ նախազգուշացում:

Այդուհանդերձ, Պավել Մանուկյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է իրեն հնարավորություն տրվելու հանդես գալ հայտարարությամբ, ինչին դատավորը պատասխանեց, որ դեռ ժամանակ կլինի ու դարձյալ հորդորեց հարգալից լինել միմյանց նկատմամբ, որ «դատական նիստը առաջ գնա»:

«Հա բայց արդեն կամայականություն ա, չեք թողնում խոսել»,- արձագանքեց Պավել Մանուկյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ի պատասխան հայտարարեց, որ որոշում է դատական սանկցիա կիրառել Պավել Մանուկյանի նկատմամբ՝ նրան 10 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

«Խնդրում եմ ազատել դահլիճը», – դիմելով Մանուկյանին, ասաց դատավորը:

Պավել Մանուկյանը, սակայն, անմիջապես չկատարեց դատավորի պահանջը. բարձրախոսով նստած տեղից հայտարարեց, որ ինքն իր պաշտպաններին արգելում է իր բացակայությամբ ներկա գտնվել դատական նիստին:

«Եթե ներկա կգտնվեն, կդիմեմ Փաստաբանների պալատին բողոքով»,- հայտարարեց Մանուկյանը:

«Եղավ, ազատեք դահլիճը»,- հնչեց դատավորի արձագանքը:

Բայց Պավել Մանուկյանը դարձյալ անմիջապես չկատարեց նրա պահանջը:

«Եթե դուք իմ հանդեպ սանկցիա եք կիրառում ես հայտարարում եմ, որ այստեղ դատարան չեմ տեսնում ու ձեզ էլ անվանակոչում եմ ցռան մոզի: Հերիք էղավ, զզվցրիք, արա»,- հայտարարեց Մանուկյանը ու ձեռնափայտով հեռացավ նիստերի դահլիճից:

Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս