Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը
«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում «Beeline»-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարեցին «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում history.armenpress.am կայքի գործարկման մասին։
«Այսօր մենք առանձնակի հպարտությամբ ենք ազդարարում «Արմենպրես.Պատմություն» կայքի մեկնարկի մասին։ Աշխարհում շատ չեն գործակալությունները, որոնք նման նախագծեր են իրականացրել ու հանրության համար հասանելի են դարձրել լուսանկարների արխիվի լավագույն նմուշները։ 1918թ․ստեղծված Հայաստանի պետական լրատվական գործակալության առաքելությունը եղել և մնում է օպերատիվ ու ստույգ լրատվություն ներկայացնելը ,և այն, որ մեր լրագրողների և լուսանկարիչների աշխատանքի արդյունքը դառնում է պատմության անօտարելի մասը, փաստում է, որ մեր բոլոր ժամանակների գործընկերներն իրենց առաքելությանը եղել են հավատարիմ: Պատմությունը գրվում է ապագայից, այդ խոսքերը պատահական չեն, որովհետև ապագայում ենք արժևորում անցյալը, ապագայի աչքերով նայում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել պատմության ընթացքում», -ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Նա նշեց, որ «Արմենպրես.Պատմություն» նախագիծը հնարավորություն է տալիս թերթել պատմության էջերը, տեսնել, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել: «Երախտիքի խոսք եմ ուզում ասել մեր գործընկերներին: Մենք հուսով ենք` այս նախագիծը կունենա շարունակություն: Այն կարևոր է նոր սերնդի համար, որպեսզի մեծ եռանդով ուսումնասիրեն մեր պատմությունը. սա լավագույն հրապարակային հաշվետվություններից է, որ ազգային գործակալությունը կարող է անել իր հանրության առաջ: Ներկայում 10 հազար լուսանկար հրապարակելով, իսկ հետագայում դրանց թիվն ավելացնելով` մենք ցույց ենք տալիս, որ գործակալությունը եղել և մնում է ժամանակակից Հայաստանի կարևոր իրադարձությունների լուսաբանողը»,- ընդգծեց Անանյանը:
Հայաստանում «Beeline»-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ սեփական պատմության նկատմամբ հարգանքն ու հոգատարությունը բնորոշ է զարգացած հասարակություններին, և այս կայքի ստեղծումը անմիջական ավանդ է Հայաստանի պատմագրության մեջ։
«Տեղեկատվության դարաշրջանում թվային տարբերակով երկրի ֆոտոպատմության ստեղծումը կարևոր ձեռքբերում է։ «Beeline»-ը հպարտ է մասնակից լինել այս գործընթացին, քանի որ անցյալի ուսումնասիրությունն ապագան ավելի լավը դարձնելու գլխավոր նախադրյալներից է», – ասաց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Նա նշեց, որ նախագծի վերաբերյալ գործընկերներից ստացված արձագանքները դրական են, ինչը ոգևորիչ է: Անդրեյ Պյատախինն ընդգծեց, որ առաջիկայում շարունակելու են համագործակցությունը:
Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանի խոսքով՝ կայքն իրականացվել է նորագույն լուծումներով և դիզայնով։
«Այն հնարավորություն է տալիս լուսանկարները դասակարգել ըստ թվականի, ժամանակահատվածի, լուսանկարի տեսակի, լուսանկարչի անվան, թեմայի, տեղանքի և այլն։ Վերոնշյալ գործառույթները թույլ են տալիս արագ և հարմարավետ կերպով օգտվել արխիվից։ Կայքը նաև հնարավորություն է տալիս լուսանկարները տարածել սոցիալական կայքերում և այլ հարթակներում։ Կայքը հասանելի է և՛ համակարգիչների, և՛ սմարթֆոնների, և՛ պլանշետների միջոցով», – ասաց նա:
Նախագծի գլխավոր աջակիցը «Beeline»-ն է։ Թվայնացման և կայքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։ Նախագծի շրջանակում արդեն իրականացվել է մոտ 6500 լուսանկարի թվայնացում, որոնցից մոտ 2500-ն արդեն իսկ հրապարակված են կայքում։
Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը: