Արմեն Լամբարյանը ստիպված է դիմել այդ քայլին. Ի՞նչ ցուցմունք է տվել ՊՊԾ գնդից նշանվելու պատճառաբանությամբ դուրս եկած ոստիկանը. aysor.am
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան Դավիթ Գևորգյանը այն 40 տուժողներից է, որը ներգրավված է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործում: Նա նաև այն ոստիկաններից է, որը դեպքի մասին ահազանգից հետո ժամանել է ՊՊԾ գունդ, մտել ՊՊԾ գնդի տարածք, հայտնվել կրակոցների թիրախում ու ինչ-որ պահի մարտի բռնվել «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանի հետ:
Դավիթ Գևորգյանը պատմել է, որ իր սեփական «Վազ 21014» մակնիշի մեքենայով գործընկերոջ հետ մտել են գնդի տարածք, սակայն «Սասնա ծռերի» անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) կրակահերթ է սկսել նրանց ուղղությամբ: Իր պատմելով` կրակահերթից պաշտպանվելու համար իջել են մեքենայից ու վազել դեպի Սարի թաղ ու կանչել հավելյալ ուժեր:
Երբ արդեն ոստիկանները փակել են փողոցը, ինքն ու գործընկերը Գլինկայի փողոցի կողմից պատի վրայով մագլցել ու մտել են գնդի տարածք, այնուհետև անցել հերթապահ մաս: Այստեղ տեսել են Արեգ Կյուրեղյանին: Ոստիկանն ասել է, որ ցանկացել է բռնել ու նրանց «գետնին գցել», որպեսզի ձեռքներից զենքերը վերցնի, սակայն նրանք են իրեն բռնել ու միասին ընկել են գետնին:
Դավիթ Գևորգյանն իր ցուցմունքում ասել է, որ այդ պահին իրենց են մոտեցել զինված խմբի մի քանի անդամներ, որոնց թվում հիշել է միայն Ռուբեն Գրիգորյանին: Նրանք զենքերը պահել են իր վրա, պահանջել, որ հանձնվի և հարցրել են, թե արդյոք իր մոտ զենք ունի, թե՞ ոչ: Բացասական պատասխանից հետո «Սասնա ծռերի» անդամները խուզարկել են նրան ու համոզվելով, որ զինված չէ, տեղափոխել են հերթապահ մասի դռան մոտ: Հերթապահ մասի սենյակի մոտ իրեն տեղափոխելու ժամանակ տեսել է, որ զինանոցի դուռը բաց է, զինված խմբի մի քանի անդամ զինանոցում են, իսկ ՊՊԾ գնդի հերթապահ Խաչատուր Մուրադյանը կանգնած է դռան մոտ, որտեղ մնացել են մի քանի րոպե:
Պատմել է, որ զինված խմբի անդամները, զենքերն իրենց վրա պարզած, հերթապահ մասից տարել են ոստիկանության ՊՊԾ գնդի հսկիչ անցագրային կետ և նստեցրել հանգստի սենյակում, որտեղ գտնվել են նաև ՊՊԾ գնդի ոստիկաններ Արթուր Հարությունյանը և Վլադիմիր Սիրեկանյանը:
Նրա ներկայացմամբ, անցագրային կետում իր ու մյուսների ձեռքերը կապել են շինարարական պլաստմասե ամրակներով և հրահանգել՝ դուրս չգան:
Տուժած ոստիկանը նշել է, որ զինված տղամարդկանցից մեկն ասել է, թե չի կարելի նվաստացնել պատանդներին, պետք չէ կապել ձեռքերը և հետո եկել է Պավլիկ Մանուկյանը և հրահանգել, որ ձեռքերն արձակեն: Նույն տարածքում երկար մնալով` զինյալների ու պատանդների միջև անձնական բնույթի խոսակցություններ էլ են եղել. ոստիկանից հետաքրքրվել են ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Ի պատասխան ոստիկանն ասել է, որ ամուսնացած չէ, բայց ունի մտադրություն:
Ոստիկան Դավիթն ասել է նաև, որ իր համար անհասկանալի պատճառով խոսակցություններ են տարածվել, որ ինքը նշանվելու մտադրություն ունի և արդեն հուլիսի 18-ին իր նշանադրության մասին խոսակցություններն ակտիվացել են: Իր ցուցմունքում Դավիթն ասել է, որ նշանադրվելու մտադրության մասին խաբել է, ասել է, որ պետք է նշանվի, խնդրել է Պավլիկ Մանուկյանին իրեն բաց թողնել:
Մանուկյանը համաձայնել է, սակայն մյուս զինյալները առարկել են: Այդուհանդերձ Պավել Մանուկյանն իրեն ազատ է արձակել և դուրս գալուց առաջ ասել, որ զրահաբաճկոն հագնի, քանի որ կարող է Սասնա ծռերի երիտասարդ անդամներն ուզենան իրեն սպանել: Զրահաբաճկոնը հագնելով՝ դուրս է եկել գնդից, իսկ Պավլիկ Մանուկյանն իր հետևից եկել ու պահել է իր թիկունքը, որպեսզի երիտասարդները չկրակեն ու չսպանեն իրեն, քանի որ զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանը հայտնել էր, որ եթե իրեն բաց թողնեն, սպանելու է: Հուլիսի 18-ին այս ոստիկանն ազատ է արձակվել ու արդեն իրավապահների մոտ դիտելով տեսագրություններն ու «Սասնա ծռերի» անդամների լուսանկարները՝ ներկայացրել՝ ով, ինչ է արել:
Մասնավորապես, ասել է, որ Արմեն Լամբարյանն իրենց հետ զրույցներում ասել է, թե «կոնտուզիա» տարած, կռված տղա է, ստիպված է դիմել այդ քայլին: Պատմել է, թե Գագիկ Եղիազարյանն ագրեսիվ պահվածք է դրսևորել, իսկ Արեգ Կյուրեղյանը զինված խմբի ամենաագրեսիվներից է եղել ու բազմաթիվ անգամ է հայտարարել, որ Օսիպյանին սպանելու է: Արեգը, ըստ ոստիկան Դավիթի, ասել է՝ եթե «շտուրմ» լինի, ապա բոլոր ոստիկաններին շարելու է առաջին շարքում, որ առաջինը ոստիկանների վրա կրակեն:
Էդվարդ Գրիգորյանի մասին ոստիկանն ասել է, որ խմբի էլեկտրիկն էր, նա գնդին հարակից տներից մալուխներով էլեկտրական հոսանք է բերել գնդի տարածք: Գևորկ Իրիցյանն ունեցել է «Գաուդիֆ» կամ «Աուդիֆ» մականունը. նա հաճախակի գտնվել է ՊՊԾ գնդի կողքի տանը, որտեղից հսկել է իրենց` գնդի տարածքում:
Այս ոստիկանը հիշել է նաև Դեդին ու ասել, որ նա ամենասկզբում իր ու Հովսեփի ուղղությամբ կրակող տղամարդն է եղել, ագրեսիվ է տրամադրված եղել ու կրկնել է, որ կորցնելու բան չունի: Դեդը հիմնականում եղել է գնդի դարպասների մոտ:
Ինչ վերաբերում է Հովհաննես Հարությունյանին, ոստիկանն ասել է, որ իր հասկանալով նա զենքի մասնագետն է եղել և փամփուշտներ է լիցքավորել փամփշտատուփերի մեջ, զենքերը բերել է մարտական վիճակի:
Արմեն Բիլյանը և Աշոտ Պետրոսյանը, նրա խոսքով, ժամանակ առ ժամանակ գտնվել են գնդի դարպասների դիմացի տանը, որի պատշգամբից վերահսկել են գնդի ներսի տեղաշարժը:
Դավիթ Գևորգյանի պատմելով՝ Վարուժան Ավետիսյանը խմբում ղեկավար դիրք է զբաղեցրել, նա զենքը ձեռքին շրջել ու իրենց հսկողներին հրահանգել է՝ ուշադիր լինել, իսկ ավելորդ քայլի դեպքում՝ միանգամից գնդակահարել: Բացի այդ, ասել է նաև, որ Վարուժան Ավետիսյանը իր մոտ եղած համակարգչով սոցիալական կայքերում հրապարակումներ է կատարել՝ ՊՊԾ գունդը գրավելու մասին:
Վարդան Գերավետյանին ասել է, որ տեսել է մեկ անգամ, նա մշտապես գտնվել է հերթապահ մասի վերևի հարկում, այսինքն՝ զորանոցում, այնտեղ հերթապահություն իրականացնող զինված խմբի անդամների ղեկավարն է եղել: Զինված խմբի անդամների խոսակցություններից հասկացել է, որ թվով վեց զինյալ գտնվել է զորանոցում, ամեն հարկում հենակետեր են դրել` հսկողություն սահմանելու համար:
Նրա ցուցմունքով՝ զինված խմբի բոլոր անդամները եղել են զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով, «Ֆ1» տեսակի նռնակներով, «Մակարով» տեսակի ատրճանակներով:
Իր ցուցմունքում ոստիկան Գևորգյանը հիշատակել է նաև ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանի սպանության մասին և նշել, թե ինչպես է լսել Սմբատ Բարսեղյանի ու Արեգ Կյուրեղյանի խոսակցությունը, որի ժամանակ Արեգը Սմբատին ասել է, որ իրենք պայմանավորվել են՝ մարդ չեն սպանելու, ամենածայրահեղ դեպքում պետք է ոտքից կրակեն: Արեգը Սմբատից, ըստ ոստիկանի, հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է սպանել Վանոյանին, և Սմբատը պատասխանել է, որ իրեն վիրավորել է, ինչից հետո ինքն է սկսել կրակել:
Ամբողջությամբ՝ aysor.am կայքում: