Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հարցեր

Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության ամրապնդման ու ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար, Սուրեն Գրիգորյանը վստահեցրել է, որ ստեփանակերտցիներն իսկապես առանձնակի են կարևորում Երևանի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքները տեսանելի ու շոշափելի է Ստեփանակերտի յուրաքանչյուր բնակչի համար:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Պարոն քաղաքապետ, այսօր իսկապես հաճելի է արձանագրել, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ, գրանցվող հաջողություններն էլ շոշափելի են: Այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումն ու հետևողականությունը: Ուզում եմ առանձնակի կարևորել նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հաստաված համագործակցությունը, որը ևս անհրաժեշտություն էր ու հետզհետե շոշափելի է դառնում նաև Արցախի շրջաններում», – նշել է Սուրեն Գրիգորյանն ու օգտվելով առիթից, շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան նորանոր հաջողություններ` համոզմունք հայտնելով, որ հետագա տարիները մայրաքաղաք Երևանի ներդաշնակ զարգացման և ներուժի արդյունավետ օգտագործման առումով կլինեն առավել արգասաբեր, Արցախի շենացման ու Ստեփանակերտի վերափոխման համար էլ կբացվեն համագործակցության նոր հեռանկարներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ մինչ օրս երկու թիմերի կողմից իրականացված բոլոր ծրագրերը, որոնք արժանացել են դրական գնահատականի, ըստ էության, հանդիսանում են ապագա ավելի խոշոր ծրագրերի հիմք, որոնք ևս համատեղ ուժերով կդառնան իրականություն:

«Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների բարեկամական սերտ հարաբերություններն իրենց գործնական արտացոլումն են գտել Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության ծրագրում, որի ընթացքն իսկապես գոհացուցիչ է և, որ կարևոր է, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում այն հետզհետե ավելի շոշափելի արդյունքներ է ապահովում: 2012 թվականից սկսած,Արցախի մեր գործընկերների հետ միասին, մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր՝ Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք ընդգրկում են մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական, հումանիտար, տուրիզմի և մի շարք այլ ուղղություններ: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես Ձեր կողքին է և պատրաստակամ է աջակցելու Ստեփանակերտի մեր գործընկերներին` իր ուրույն ներդրումն ունենալով Արցախի մայրաքաղաքի ու շրջանների զարգացման գործում», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս