Դատախազը Լապշինի համար պահանջում է 6,5 տարվա ազատազրկում
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 14-ին շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դատարանում ելույթ է ունեցել պետական մեղադրող Նասիր Բայրամովը:
Դատախազն առաջարկել է Լապշինին դատապարտել 6 տարի և 6 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա նշել է նաև, որ պատժի կրումից հետո Լապշինը պետք է արտաքսվի Ադրբեջանից՝ համաձայն այդ երկրի քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի:
Լապշինի փաստաբանը խնդրել է դատարանից իրեն ժամանակ տրամադրել ելույթի համար:
Դատական նիստը կշարունակվի հուլիսի 19-ին:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:
Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնում ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում: