«Լավ կլինի, եթե Արցախի նախագահ ընտրվի ժողովրդի կողմից ընդունված մեկը. հակառակ դեպքում՝ կլինեն այնպիսի զարգացումներ, որ մարդկանց դուրս կլցնեն փողոցներ»
Հասարակական-քաղաքական գործիչ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը խոսելով Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին՝ նշեց, որ լավ կլինի, եթե ընտրվի ժողովրդի կողմից ընդունված մեկը: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ կլինեն այնպիսի զարգացումներ, որ մարդկանց դուրս կբերի փողոցներ: Իսկ պատերազմական վտանգի մեջ գտնվող երկրի ներսում նման տատանումներ պատկերացնելը, նրա խոսքով՝ ցանկալի չէ:
«Այսօր շատ դժվար է պատկերացնել հրամանատարական կազմի միաբևեռ լինելը պատերազմական ամենօրյա գործողությունների մեջ գտնվող այնպիսի մի երկրում, ինչպիսին Արցախն է: Երկիր, որտեղ նախագահ ունենալը փոխարինվում է կոլեգիալ օրգանով՝ վերջին որոշումը կայացնելու: Իմ կարծիքով՝ դեռ վաղ է այսպիսի անցում կատարելու համար»,- նշեց բանախոսը:
Վարդան Խաչատրյանի խոսքով՝ շատ բան պայմանավորված կլինի նրանով, թե որքան ճշգրիտ աշխատանքներ կտարվեն: Այսինքն՝ մոբիլիզացիոն ռեսուրսի ինչպիսի՞ մակարդակ կկարողանա ապահովել խորհրդարանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին:
Սահմանված կարգով և ժամկետներում՝ սույն թվականի հուլիսի 5-12-ը ներառյալ, հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում-88» խմբակցության կողմից), Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):
Անի Թորոսյան