Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը. պաշտպանը դիմել է դատարան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «87 տարեկան հասակում երեկ մահացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։ Այս մասին մեր զրույցում ասաց Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ Մարատ Ղուկասյանը վերջին տարիներին ծանր առողջական խնդիրներ ուներ: Պաշտպանը դիմել է Երեւանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանն ու հուղարկավորությանը: Մեժլումյանն ասաց, որ Ղուկասյանի հոր հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հուլիսի՝ 15-ին, իսկ հուղարկավորությունը՝ 16-ին:

«Դեռևս մի քանի օր առաջ բժշկի փաստաթուղթ կար, որ հոր վիճակը շատ ծանր է, մի քանի օր է մնացել ապրելու, մենք այդ փաստաթուղթը ներկայացրել էինք քննիչին և խնդրել կարճաժամկետ տեսակցություն թույլատրել հոր հետ, սակայն քննիչը մերժել էր: Մեկ տարի ոչ խոսել է հոր հետ, ոչ տեսակցել նրան, չթույլատրեցին»: Նա նաև ասաց, որ երբ «ԵԼՔ» դաշինքը դիմել է դատախազին՝ Ղուկասյանի կալանքը վերացնելու համար, նշել էին հոր ծանր վիճակի մասին, սակայն գլխավոր դատախազն այդ հանգամանքը ևս հաշվի չի առել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս