Ինժեներական ոլորտի համաժողով-ցուցահանդես Վանաձորում
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը և Լոռու մարզպետարանը Հայաստանում առաջին անգամ իրականացրեցին Ինժեներական համաժողով-ցուցահանդես:
Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ այս համաժողով-ցուցահանդեսի նպատակն է՝ համախմբել ինժեներական ոլորտի կազմակերպություններին և ներկայացուցիչներին, քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի առաջընթացի մարտահրավերները, իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում այնպիսի տեխնոլոգիական ուղղություններով, ինչպիսիք են՝
- Ավտոմատ կառավարվող մեքենաները
- 5G
- Կիսահաղորդիչների փորձարկման լուծումները
- Ռադիոհաճախականային և միկրոալիքային հավելվածները (RF and microwave)
- Արդյունաբերական իրերի ինտերնետը (IIOT):
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ողջույնի խոսքում նշում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում սկիզբ է դրվում Հայաստանում ճարտարագիտության ոլորտում մի նոր ավանդույթի՝ ցուցահանդեսի և ֆորումի, որը, հույս ունեն՝ կդառնա ավանդական:
«Շատ ուրախ եմ, որ մենք ունենք ներկայացուցիչներ՝ մարզի և քաղաքի ղեկավարությունից, երկրի կառավարությունից, հայկական և արտասահմանյան ընկերություններից: Առանձնապես հաճելի է, որ այստեղ ներկա են նաև մի շարք փոքր երեխաներ, ովքեր ապագայում կշարունակեն այս մեծ գործը:
Շատ ուրախ եմ և հպարտությամբ եմ նշում, որ այսօր ցուցադրվելու են նմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվելու Հայաստանում»:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխանցել էր իր ողջույնի խոսքը՝ նշելով, որ իրենց համար հատկապես կարևոր է նման միջոցառումների անցկացումը Վանաձորում, քանի որ Վանաձորը եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն և ունի արդյունաբերական ավանդույթներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Շատ շնորհակալ ենք, որ Վանաձորի երկնքի տակ կարողացել եք ինժեներական մտքի նման կոնսոլիդացիա ապահովել: Շատ հաճելի է Վանաձորում տեսնել նորարարական մտքի արգասիքներն արդեն կիրառության և արտադրության մեջ: Հուսով ենք, որ նման միջոցառումները Վանաձորում կլինեն շարունակական՝ իհարկե, բոլորիս ջանքերով»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշում է, որ առաջին անգամ լինելով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ տեսել է, որ այստեղ գտնվող երիտասարդների աչքերն այլ կերպ են նայում: Ըստ նրա՝ այդ երիտասարդների հետ պետք է կապել ապագան:
«Ես նույնպես հույս ունեմ, որ նման միջոցառումները կլինեն շարունակական, սակայն ցանկանում եմ, որ այս միջոցառումները լինեն անփոփոխ, և մենք ամեն օր տեսնենք նոր դրական փոփոխություններ՝ ինժեներական, ճանապարհաշինական կամ այլ ոլորտներում»:
«Ֆիլիպ Մորիս» ընկերության կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը նշում է, որ ընկերությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ինովացիոն կենտրոն, որը շատ է տարբերվելու նախկինում գործող կենտրոններից: Բացի այդ, նախատեսվում է Հայաստանում ստեղծել R&D կենտրոն:
«Մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանը տեխնոլոգիական երկիր է, որ Հայաստանը ինժեներական մշակույթի հարուստ ավանդույթներ ունի:
«Ֆիլիպ Մորիս» ընկերությունը ստորագրել է համաձայնության հուշագիր կառավարության հետ, որի շրջանակում ընկերությունն իր գիտական ներուժը բերելու է Հայաստան: Մենք ունենք հավակնոտ նպատակներ, որոնք, հուսով ենք, որ միասնական ուժերով կիրականացնենք»:
Առաջին ինժեներական համաժողով-ցուցահանդեսի բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի շրջանակում իրենց արտադրանքը, լուծումները և ծառայությունները ներկայացրին շուրջ 20 տեղական և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ «Ֆեստո Գզելշաֆտ», «Նեյշնլ Ինստթումենթս», «Նաիրի-Թեք», «Էլպիդա Էլեկտրոնիքս», UAV lab, «Անոդ», «Սեզամ ընկերությունները», Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը:
Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը ներգրավել էր շուրջ 200 ներկայացուցիչներ կառավարությունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:
Սիրարփի Աղաբաբյան