Մալուխների կարճ միացման հետևանքով մոտակայքով անցնող քաղաքացին այրվածքներ է ստացել
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 2-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ և Կողբացի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ «Մաշտոցի պուրակ»ում, պայթյունի ձայն է լսվել, կա տուժած. անհրաժեշտ օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի մոտակայքում գտնվող այգում, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում. առկա են մալուխային գծերի փորված գետնուղի և բաց մալուխներ, ինչի հետևանքով մոտակայքով անցնող քաղաքացին ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: