«Էն վախտ էլ էին կարճ յուբկեք հագնում, բայց հմի շատ կարճ է»
Ռուդիկ Ոսկանյանն արդեն 45 տարի է, ինչ Գյումրիում դերձակ է աշխատում: Պատմում է, որ դերձակի մասնագիտությունը պատահական չի ընտրել: Նրան հրապուրել է այն, որ մարդիկ խանութներից հագուստ չեն գնել, այլ պատվիրել են: Այս մասին գրում է asparez.am-ը։
«70-ականներին մոդայիկ մասնագիտություն էր, քանի որ այդ թվականներին մարդկանց միայն տեղական արտադրանքն էր հետաքրքրում»,-ասում է Ռուդիկ Ոսկանյանը եւ շարունակում, որ լենինականցիները դերձակի ծառայություններից օգտվելը դադարեցրել են 88-ի աղետալի երկրաշարժից հետո:
«Մինչեւ երկրաշարժը դրսի շորերը չէին հագնում, բոլորը դերձակի մոտ էին պատվիրում իրենց զգեստը: Երկրաշարժից հետո սկսվեցին ներմուծումները: Չէի ասի, թե լավ բան են ներկրում՝ թուրքական, էժանագին շորեր են բերում»,-ասում է դերձակը եւ հույս հայտնում՝ նշելով, թե հնարավոր է՝ իր մասնագիտությունը կրկին արդիական դառնա:
Ռ.Ոսկանյանը մասնագիտությունը ձեռք է բերել Լենինականում: 1970-ական թվականներին աշխատանքի է ընդունվել կարի գործարանի լաբորատորիայում՝ որպես կտորի նմուշի մասնագետ, որից հետո՝ 1983 թվականից մինչ այժմ աշխատում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերձակ:
«Դերձակի մասնագիտությունը հետաքրքիր է մանավանդ թատրոնում՝ դերասանների հետ»,-ասում է նա եւ ավելացնում, որ մեր օրերում դերձակի մոտ զգեստ պատվիրելը լուրջ ճոխություն է համարվում:
«Հիմնականում պաշտոնավորներն ու մեծահարուստներն են դերձակի մոտ շոր կարել տալիս, միջին խավը հագնում է էն, ինչը կա խանութում: Անորակ հագուստ գնելն ավելի մատչելի է, քան դերձակին պատվեր տալը»,-ասում է տարիների փորձ ունեցող դերձակը եւ մտահոգվում.
«Ջահելությունը հիմա հագնում է անորակ, ռեզինկա ջինսեր, բայց պետք է հագնեն բամբակյա, բրդյա նորմալ շորեր, եթե ուզում են, որ առողջ լինեն: Որակով շորն էլ թանկ է: Ժողովուրդը վճարունակ չէ: Որ շորը էժան է, դա էլ հագնում է: Պետք է զարկ տանք տեղական արտադրանքին, որ թուրքը իրեն լավ չզգա, որ իր շորերն ենք հագնում»,-նշում է Ռ.Ոսկանյանը:
Փորձառու դերձակը խոսում է նաեւ հագուստի դիզայների մասնագիտությունից:
«Դիզայները կարող է լավ դիզայներ լինել, բայց՝ ոչ դերձակ: Ինքը կարող է լավ գծել, բայց՝ ոչ կարել: Ես հլը չեմ տեսել, որ հագուստի դիզայները կտորին շունչ տա»,-ասում է նա եւ, խոսելով մոդա հասկացության մասին, նշում.
«Մոդան ֆռռում է, կա, որ հիմա էլ պատվիրում են շորեր, որոնք մոդա էին 70-ական թվականներին»,-ասում է Ռ. Ոսկանյանը եւ կարեւորում, որ մոդայի առավելությունը հագուստի գույնն ու տեսք փոխելը չէ, այլ որակի պահպանումը: Նա ասում է, որ մեր օրերի եւ 70-ականների հաճախորդների տարբերությունները մեծ են:
«Էն վախտ էլ էին կարճ յուբկեք հագնում, բայց հմի շատ կարճ է էն ժամանակվա համեմատ: 70-ականներին վատ էին վերաբերվում, երբ կանայք շալվար էին հագնում: Էն ժամանակ կարող է մի տոկոսը հագներ, բայց հիմա կարող մի տոկոսից էլ քիչ մարդ լինի, որը շալվար չհագնի»,-կարծում է դերձակը:
Ռուդիկ Ոսկանյանի կարծիքով՝ մեր ժամանակներում մոդան ծնվում է առաջարկից, քանի որ պահանջարկի համար գյումրեցին ֆինանսապես ապահոված չէ:
«Հիմա, որ կապը արտասահմանի հետ շատ է, նայում են, թե ինչ են հագնում, իրենք էլ են դա ուզում հագնել: Մոդան թելադրում է մասնավորը, ինքը արտադրում է էսքան քանակի շոր ու վաճառում, մարդիկ էլ առնում, հագնում են: Առաջարկը ավելի շատ է ազդում ձեւավորվող մոդայի վրա, քան՝ պահանջարկը: Մարդիկ էնքան ֆինանս չունին, որ առաջարկը թողնին մե կողմ ու իրանց պահանջարկը թելադրեն»,-ասում է Ռ Ոսկանյանը եւ նշում, որ պահանջարկ չկա նաեւ այն պատճառով, որ Գյումրիում քիչ են դերձակները:
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։