«Միջնորդների համբերության բաժակը լցվում է». Շավարշ Քոչարյան

Մեր զրուցակիցն է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ստատուս-քվոն այլևս անհնար է պահպանել: Ի՞նչ է դա նշանակում, հնարավո՞ր է՝ միջազգային հանրության կողմից նոր, ավելի վճռական քայլեր լինեն:

– Գիտեք ինչ, պետք է հասկանալ՝ ինչ է ստատուս-քվոն: Դա ներկա վիճակն է: Եթե Ադրբեջանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, դա ստատուս-քվոյի փոփոխություն է: Ստատուս-քվոյի տարբեր փոփոխություններ կան, դրա համար պետք է հասկանալ: Այսօր հանրությունը, ասելով ստատուս-քվո, ի նկատի ունի այն իրավիճակը, որը պայթյունավտանգ է նոր ռազմական գործություններով: Դրա մասին է խոսքը, որովհետև խնդիրը ոչ թե կայանում է նրանում, որ այս իրավիճակն է, այլ սա միջանկյալ իրավիճակ է, որից հետո պետք է ինչ-որ փոխզիջումների կամ ինչ-որ արդյունքի հասնենք: Բայց այս իրավիճակն ինքն իր մեջ վտանգ է պարունակում, որ կարող են վերսկսվել ռազմական գրոծողությունները: Այդ վտանգի տեսակետից, իհարկե, բոլորի համար անընդունելի է: Հայկական կողմի համար էլ է անընդունելի: Բայց երբ ստատուս-քվո ասվածը փորձում են կապել կարգավորման հետ, դրանք տարբեր բաներ են: Կարգավորումը փաթեթային լուծում է: Մյուս կողմից՝ կարելի է նաև այլ հարցադրում անել: Երկու միջնորդներն արդեն անվանական խոսում են կողմերից մեկի` Ադրբեջանի մասին, իսկ դրա մասին իրենք տարիներ շարունակ խոսում էին անուղղակի: Ակնհայտ էր իրենց հայտարարություններից՝ հասցեատերն ով է, բայց անունը չէին տալիս: Այս անգամ անունն էլ տվեցին: Այստեղ կարող է փոխվել նաև որոշակի առումով միջնորդների վերաբերմունքը: Վերջինիս համբերության բաժակը լցվում է:

– Ինչպե՞ս կփոխվի նրանց վերաբերմունքը, դա ինչպե՞ս կարտահայտվի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցնե՞ր կկիրառեն:

– Արդեն անունն են տալիս, Վիեննայում հավաքվում-ասում են` պետք է ամրապնդել: Դա ո՞ւմ է ուղղված: Չէ՞ որ բոլորիս համար ակնհայտ է, թե ում հասցեին է դա ուղղված: Այնպես չի լինում, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական 3 անդամներ, որ միջնորդ են, միանգամից բոլոր հարցերը լուծեն: Բայց քայլ առ քայլ մեր աչքի առջև տեղի է ունենում փոփոխություն, և մենք պետք է գիտակցենք, որ կա որոշակի իներցիա: Այդպես չէ, որ ամեն ինչ շատ արագ է արվում: Բայց քայլ առ քայլ մենք պետք է գիտակցենք, որ կոշտանում է նաև միջնորդների դիրքորոշումը հենց Ադրբեջանի նկատմամբ, և դրա հիմնական պատճառը ոչ թե մեր քարոզչությունն է, այլ հենց Ադրբեջանի դեստրուկտիվ քայլերն են:

– Ի՞նչ առաջընթաց կա Արցախի ճանաչման ուղղությամբ, որի մասին շատ խոսվեց անցած տարի ապրիլյան պատերազմից հետո:

– Եկեք ճիշտ հասկանանք. եթե խոսքը վերաբերում է ճանաչմանը, այդ ուղղությամբ պետք է աշխատել, և Ղարաբաղի իշխանությունները բացահայտ աշխատում են այդ ուղղությամբ: Ճիշտ է, առ այսօր ճանաչումները տեղի են ունենում ոչ ֆեդերալ, այլ նահանգային մակարդակով, բայց դա արդեն սկիզբ է: Սա հարցի մի կողմն է: Ադրբեջանն իր քաղաքականությամբ միջազգային հանրության մոտ հասունացնում է այն պատկերացումը, որ ճանաչումն այլընտրանք չունի: Դա էլի պրոցես է, որն արդեն ինչ-որ առումով տեղի է ունենում նահանգային մակարդակներով: Դուք կարող եք հարց տալ, թե ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունն այդ ուղղությամբ բացահայտ չի աշխատում: Որովհետև մենք կաշկանդված ենք բանակցային գործընթացով:

– Ադրբեջանը կարո՞ղ է ներքին իրադրության, տնտեսական ծանր վիճակի պատճառով դիրքորոշումը փոխել: Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Ես դա չեմ կապում: Տնտեսական ծանր վիճակը կարող է և հակառակ ազդեցությունն ունենալ, այսպես ասած, խելագար քայլերի բերել, կարող է և՝ հակառակը: Ես ուղղակի դա իրար հետ չէի կապի:

– Խոսք էր գնում հունիսին արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին: Արդյոք դա կկայանա՞:

– Վերջին հանդիպումը կայացավ, որից հետո հայտարարվեց այդ դիտորդների թվի 7 հոգով ավելացման մասին: Հաջորդը` տեսնենք: Համենայն դեպս, հայկական կողմը, որպես կանոն, չի խուսափել հանդիպումներին մասնակցելուց, բայց միշտ հարցադրումը եղել է, որ դրանք լինեն առարկայական, կոնկրետ, և այն պարտավորությունները, որ մինչ այդ եղել են, կյանքի կոչվեն: Այսօր օրակարգի հիմնական հարցը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելն է:

Տեսանյութեր

Լրահոս