Ինչպես կանխիկացնել ընտանեկան դրամագլուխը
2017թ. մարտի 23-ից ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
2017 թվականի ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:
25000 դրամը բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացված բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:
Հիշեցնենք՝ ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում:
3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ն անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:
5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ: