Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը
Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը. ժամը 08:00-ից մայրաքաղաքում բացվել են բոլոր 474 ընտրական տեղամասերը: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են տեղական 32, միջազգային երեք լրատվամիջոցներ: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցներն են` «Արևելք»-ը, T24 օրաթերթը, «Կավկազսկիյ ուզել»-ը:
Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ տեղական լրատվամիջոցների հետաքրքրությունը բավականին մեծ է: Տեղական լրատվամիջոցներից ընտրությունները լուսաբանելու համար ամենաշատ ներկայացուցիչներ հավատարմագրել է «Ազատություն» ռադիոկայանը` 40 ներկայացուցիչ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հավատարմագրել է 35 ներկայացուցիչ, «Շանթ» հեռուստաընկերությունը` 23, Armrus.info կայքը` 37, «Հայկական ժամանակ» օրաթերթը` 24 ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀում հավատարմագրվել են ԶԼՄ 436 ներկայացուցիչ:
Ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀում հավատարմագրվել են դիտորդական առաքելություն իրականացնող տեղական 17 կազմակերպություն: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրությունները կդիտարկեն 5138 դիտորդ: Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ այնքան էլ մեծ չէ միջազգային դիտորդական կազմակերպությունների հետաքրքրությունը: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է ընդամենը մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը:
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր Նորք վարչական շրջանը, երրորդը՝ ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ ՆորքՄարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները: Ընդհանուր առմամբ Երևանում կգործի 474 ընտրական տեղամաս: