Բաժիններ՝

«Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը չի վերանայվի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբը ապրիլի 25-ին հրապարակել է իր որոշումը «Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը Մեծ պալատին հանձնելու դիմումատուների պահանջի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ծավալված բողոքի ակցիաների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության թվով չորս բարձրաստիճան պաշտոնյաների քննադատական հայտարարություններին և այդ հիմքով վերջիններիս աշխատանքից ազատելու իրավաչափությանը: Եվրոպական դատարան ներկայացված գանգատով դիմումատուները պնդել էին, որ աշխատանքից ազատումը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատ արտահայտվելու իրենց իրավունքը:

2016 թվականի նոյեմբերի 17-ին Եվրոպական դատարանի պալատը յոթ դատավորի կազմով սույն գանգատը չէր բավարարել՝ արձանագրելով, որ ազատ արտահայտվելու իրավունքի խախտում չի եղել:

Սահմանված եռամսյա ժամկետում դիմումատուները վճիռը Մեծ պալատի քննությանը հանձնելու պահանջ էին ներկայացրել: Սակայն, 2017 թվականի ապրիլի 24-ին Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբը մերժել է դիմումատուների պահանջը, և քննարկվող վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս