Մատվիենկոն ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկել է թանգարանային նախագծեր փոխանակել
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի մասնակից երկրները պետք է ավելի սերտորեն համագործակցեն մշակույթի բնագավառում:
Մշակութային փոխանակման մեխանիզմներից մեկը կարող է դառնալ միության անդամ երկրների թանգարանների մասնաճյուղերի բացումն արտասահմանում, նշել է սենատորը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Եվրոպայում աշխատում են Էրմիտաժի եւ Ռուսական թանգարանի ներկայացուցչությունները: Վստահ եմ, որ այդ փորձը հարկավոր է տարածել նաեւ Եվրասիական տարածքում: Եվ հարկ է, որ մեր գործընկերներն իրենց թանգարանների
մասնաճյուղերն ստեղծեն Ռուսաստանում»,-ասել է խոսնակը՝ հանդես գալով Դաշնության խորհրդին առընթեր Ինտեգրացիոն ակումբի նիստում, որը նվիրված էր ԵԱՏՄ-ի տարածքում մշակութային կապերի ընդլայնմանը:
Նա նաեւ չափազանց կարեւոր ուղղություն է համարել համատեղ ստեղծագործական նախագծերի իրականացումը: Նրա խոսքով՝ դրանցում պետք է ներգրավել մշակույթի ճանաչված գործիչներին, շնորհալի երեխաներին, տաղանդավոր երիտասարդությանը: «Հետաքրքիր գաղափար կարող էր դառնալ, ասենք, Եվրասիական երիտասարդական երգչախմբի կամ նվագախմբի ստեղծումը»,-ասել է Մատվիենկոն:
Դրա հետ մեկտեղ սենատորը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը մշակույթի ոլորտում մասնակից երկրների փոխգործակցության հատուկ կարգավորում չի նախատեսում:
Եվրասիական տնտեսական միության կառավարման մարմինների թվում բացակայում է մշակութային ու հումանիտար համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումը, հավելել է Մատվիենկոն: «Ուստի առաջարկում եմ քննարկել Եվրասիական տնտեսական միության հիմքի վրա մասնակից երկրների հումանիտար համագործակցության եւ տարածաշրջանային բաժանմունքների խորհրդի ստեղծման
նպատակահարմարության հարցը», եզրափակել է սենատորը: ԵԱՏՄ-ի մասնակից երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը: