Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են կասեցնել Թրամփի փեսայի մուտքի գաղտնի տեղեկատվություն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն: Այդ մասին հայտնել է The Hill հրատարակությունը:

«Մենք խնդրում ենք, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու պարոն Քուշների հնարավորությունը կասեցվի մինչեւ նրա կողմից այն օրենքների ու նորմատիվային ակտերի կատարման փաստի վերանայումն ավարտելը, որոնք կանոնակարգում են անվտանգությունը»,­-ասված է նամակում, որն ստորագրել են Բայերը ու Դեմոկրատական կուսակցությունից եւս չորս կոնգրեսականներ՝ Թեդ Լուն, Ջեյնի Ռասքինը, Ջերրի Նեդլերը եւ Փիթեր Ուելչը:

Դեմոկրատների խոսքով՝ Քուշները պետք է ժամանակավորապես հեռացվի գաղտնի տեղեկատվությունից՝ «կապված ԱՄՆ-­ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի եւ ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկի» նախագահի հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման մեղադրանքների, ինչպես նաեւ Ռուսաստանի իշխանությունների եւ հետախուզության հետ ԱՄՆ­-ի վարչակազմի կապերի
մասին հարցերի հետ»:

Կոնգրեսականները նաեւ մտահոգություն են հայտնել այն բանի առթիվ, որ Քուշները, հնարավոր է, միտումնավոր թաքցրել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունն այն ժամանակաշրջանում, երբ քննարկվում էր նրան գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն տրամադրելու հարցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս