ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև նախատեսվում է ստորագրել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության ապրիլի 13-ի օրակարգում:
Կառավարության և Ֆոնդի միջև ստորագրվող փոխըմբռնման հուշագրի նպատակն է «պետությունմասնավոր հատված» գործակցության հետագա զարգացումն ու խորացումը: ՀՀ կառավարության և Ֆոնդի համագործակցության հիմնական ուղղությունները հետևյալն են` զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, հանքարդյունաբերության զարգացումը, քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, ՏՀՏ-ի և ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացումը, Մշակող արդյունաբերության զարգացումը:
Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետությունմասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Ֆոնդը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն` դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ֆոնդը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ և չլինելով մրցակից առևտրային բանկերի համար ներդրողների համար կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա, նվազեցնելով ռիսկերը: