Ծխողների մեծ մասն ապրում է ասիական երկրներում. հակառեյտինգի «մեծ եռյակը»

Հայաստանը ծխող տղամարդկանց թվաքանակով առաջատարներից է աշխարհի երկրների թվում՝ տեղ զբաղեցնելով Կիրիբատիից, Ինդոնեզիայից, Լաոսից եւ Մարիանյան կղզիներից հետո, որտեղ ծխում է ուժեղ սեռի ներկայացուցիչների գրեթե կեսը:

Ծխող կանանց ցուցանիշով առաջատարը Գրենլանդիան է (44 տոկոս) եւ Բալկանյան թերակղզու երկրները՝ Բուլղարիան, Հունաստանը, Չեռնոգորիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան, որտեղ ծխում է կանանց 25-28 տոկոսը: Այս մասին ասված է Lancet  հանդեսում հրապարակված հոդվածում: Իսկ մեր մոլորակում ծխողների ընդհանուր թիվը հասել է 1 միլիարդի, եւ այսօր յուրաքանչյուր չորրորդ տղամարդը եւ յուրաքանչյուր 20-րդ կինը նիկոտինից կախվածություն ունի:

«Ծխելու դեմ պայքարի ընթացիկ միջոցառումներն օգնեցին նվազեցնել մարդկության առողջությանը ծխախոտի պատճառած վնասները, բայց մենք դեռ շատ բան կարող ենք անել: Այսօր էլ ծխողների թիվն ավելի արագ է աճում, քան այն մարդկանց թիվը, որոնք թողել են ծխելը, ինչը խոսում է այն մասին, որ մենք պետք է կանխենք ծխախոտի օգտագործումը եւ օգնենք մարդկանց՝ թողնել ծխելը»,- հայտարարել է Սիեթլում Վաշիգնտոնի նահանգի համալսարանի աշխատակից Էմանուելա Գակիդուն:

Գիտնականների հաշվարկների համաձայն, 2015 թվականին աշխարհում ծխողների թիվը կազմում Էր 933 միլիոն, եւ ներկայում նրանց թվաքանակը, եթե նրանց աճի արագությունը չի փոխվել, պետք է գերազանցի 1 միլիարդը ի հաշիվ աշխարհի ամենաթույլ զարգացած երկրներում ծխողների թվաքանակի արագ աճի: Եթե այդ թրենդները շարունակվեն, ապա այս հարյուրամյակի ընթացքում ծխելը շուրջ 1 մլրդ մարդու կսպանի աշխարհի բոլոր երկրներում:

Ծխողների մեծ մասն ապրում է ասիական երկրներում. այդ հակառեյտինգի «մեծ եռյակը» կազմում են Չինաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան, որտեղ գրեթե 400 մլն տղամարդ կանոնավոր կերպով ծխում է: Ծխող կանայք առավել մեծ թիվ են կազմում ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հնդկաստանում, որտեղ թույլ սեռի 13-17 մլն ներկայացուցչուհիներ կանոնավոր կերպով կամ պարբերաբար ծխախոտ են օգտագործում:

Այն երկրների հնգյակում, որտեղ ծխախոտն առավել մեծ թվով կյանքեր է խլել, տեղ են զբաղեցնում Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ինդոնեզիան: Այդ երկրներում ամեն տարի ծխելու հետեւանքով մահանում Է 200-800 հազար մարդ, իսկ Չինաստանում այդ ցուցանիշը հասնում Է 1,8 միլիոնի: Ընդհանուր առմամբ նրանց Է բաժին ընկնում ամբողջ մոլորակում ծխելու հետեւանքով մահվան դեպքերի մոտավորապես կեսը:

Ինչպես նշել է Գակիդուն, կան նաեւ դրական թրենդներ. «աշխարհի 30 երկրներում ծխողների ընդհանուր թիվը չի աճել, այլ նվազել Է, իսկ ամեն օր ծխող մարդկանց թիվը 1990 թվականի համեմատությամբ ընդհանուր առմամբ նվազել է 28 տոկոսով՝ տղամարդկանց համար եւ 34 տոկոսով՝ կանանց համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս