Ադրբեջանի ընդդիմադիրները լրջորեն պատրաստվում են համազգային հանրահավաքին
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից և ուժերից կազմված Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է ապրիլի 8-ին համազգային հանրահավաք անցկացնելու մասին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի առաջատար ուժերից Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (AXCP) նախագահ Ալի Քերիմլին ապրիլի 8-ի հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն տարածելով` ժողովրդական լայն զանգվածներին կոչ է արել մասնակցել հանրահավաքին:
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ին տեղի ունեցած քննարկումներից հետո որոշել էր կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող ապօրինությունների և ճնշումների դեմ:
«Կազմակերպչական խորհրդի նիստում մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկել ենք բողոքի ակցիա կազմակերպելու անհրաժեշտությունը և որոշել ենք մոտ ժամանակներս կազմակերպել համազգային հանրահավաք»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ Էլդանիզ Գուլիևը:
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո՝ մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ: