Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է վեց երկրաշարժ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ը գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-ի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանային տարածքում՝ ապրիլի 1-ին, ժամը 02:48-ին, M=2.1 Վարդենիս քաղաքից 16 կմ դեպի հյուսիսարևելք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Մարտի 31-ին Թուրքիայի Վան քաղաքից 27 կմ դեպի հյուսիս արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 4 բալ (մագնիտուդ 3.1):
Հաջորդ օրը Իրանում տեղի ունեցած 34 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Թավրիզ քաղաքից 11 կմ դեպի հյուսիսարևելք: Ապրիլի 3-ին Թուրքիայի Պատնոս քաղաքից 29 կմ հյուսիսարևմուտք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում: Ապրիլի 5-ին Ադրբեջանի հարավարևելյան մասում տեղի է ունեցել 56 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.3) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիսարևմուտք:
Երկրաշարժն զգացվել է Լենքորանի շրջանում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում, մասնավորապես Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: Օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցված հաջորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքից 33 կմ դեպի հարավարևմուտք, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.5): Նույն օրը Իրանի հյուսիսարևելյան մասում՝ Մեշհեդ (Հորասան նահանգ) քաղաքից 91 կմ դեպի հարավարևելք, գրանցվել է 6.1 մագնիտուդով և օջախի 10 կմ խորությամբ ուժեղ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Երկրաշարժին հետևել է 22 հետցնցում՝ 3.5-ից մինչև 5.1 մագնիտուդով: Գլխավոր ցնցման էպիկենտրոնը ՀՀ սահմանից ունի ավելի քան 1200 կմ հեռավորություն: Ստորգետնյա ցնցումները ՀՀ տարածքում չեն զգացվել: Նախնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, տուժել են առնվազն 34-ը:
Էպիկենտրոնային գոտում գտնվող շրջաններում խափանվել է ջրա և էլեկտրամատակարարումը: Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, անօթևան մարդկանց համար վրանային ավաններ են կառուցվում, արձանագրվել են շինությունների պատերի ճաքեր և բնակելի տների պատերի փլուզումներ, վնասվել են պատմամշակութային նշանակության շենքեր: Աղետի գոտում ծավալուն փրկարարական գործողություններ են իրականացվում՝ ուղղաթիռների ներգրավմամբ, որոնք տուժածներին բուժհաստատություններ են տեղափոխում: Սեյսմիկ ակտիվությունը վերոնշյալ տարածքում շարունակվում է:
Տարածաշրջանից դուրս 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ապրիլի 3-ին Աֆրիկայի հարավում գտնվող Բոտսվանայի Հանրապետությունում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: