«Ընտրակաշառք վերցնողը պետք է զգա, որ դիմացինը փորձել է իրեն նվաստացնել». Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս ընտրությունների ընթացքը մի քանի առումով առանձնահատուկ էր.

«Առաջին առանձնահատկությունն ընդգծված համամասնական համակարգն է, որը երկու դրսևորում ունի` փակ համակարգ, երբ կուսակցություններն են որոշում իրենց ցուցակների թեկնածուների հերթականությունը, և բաց համակարգ, երբ ընտրողն է որոշում, թե ներկայացված թեկնածուներից որն է իր համար ավելի նախընտրելի։ Ինչ վերաբերում է երկրորդ համակարգին, ապա այս համակարգով ներկայացված էին հասարակության բոլոր շերտերը ներկայացնող թեկնածուներ, և տրված էր հնարավորություն, որ քաղաքացին ինքն ընտրի, թե որ թեկնածուն կարող է ներկայացնել իր շահերն օրենսդիր մարմին»։

Երկրորդ առանձնահատկությունը, ըստ նրա՝ ընտրողների մասնակցության մեծ թիվն էր, ինչը Մինասյանի խոսքով՝ վկայում է, որ ընտրությունները ոչ մեկին անտարբեր չթողեցին։

Նրա խոսքով՝ մեր ԸՕ-ն իր բազմաթիվ դրական դրսևորումների հետ ունի ևս մեկը` ընտրողների ցուցակների հրապարակումը, որն ըստ նրա՝ վերջ է դնում մահացածների, Հայաստանից բացակայողների քվեարկության մասին խոսակցություններին.

«Սա, նաև ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը, ես համարում եմ «4+4+4» ձևաչափի կարևոր ձեռքբերումներից»:

Ընտրություններում երրորդ ձեռքբերումը համարում է այն, որ բացառվում էր, որպեսզի որևէ մեկը վերահսկեր, թե տվյալ ընտրողն ո՞ւմ է տվել իր քվեն. «Որևէ մեկը չէր կարող պարզել՝ քվեախցիկում ընտրողն ո՞ւմ է տվել իր քվեն։ Սա չափազանց կարևոր է այն առումով, որ խոսվում է ընտրակաշառքի մասին։ Կաշառքը այդպես կարելի է կոչել այն պարագայում, երբ կաշառք տվողը տալիս է գումար, որ դա ստացողն իրականացնի այս կամ այն գործողությունը։ Երբ այդ գործողության վերահսկողությունը հնարավոր չէ, վերանում է նաև կաշառք երևույթը։ Եթե նման բան եղել է, ապա գումար վերցնողը պետք է զգա, որ դիմացինը փորձել է իրեն նվաստացնել»։

Տեսանյութեր

Լրահոս