«Բոլորը զբաղեցնեն իրենց դիրքերը: Գլուխներդ չհանեք: Հակառակորդը գրոհելու է…»
Սովորական գիշեր էր, ինչպես տասնյակ գիշերները` դիրքերում: Հարթագողի ճանապարհը կախվել էր բոցկլտուն ծածկոցի պես:
Անքնությունը վաղուց սովորական էր դարձել: Արդբեջանական զինուժն անընդհատ գնդակոծում էր առաջապահ դիրքերը: Դիպուկահարներն առանց աչք թարթելու հետևում էին հայ զինվորներին և, հնարավորության դեպքում, կրակում:
Գիշերը համեմատաբար անվտանգ էր: Զինվորները կատակում էին, որ ազերիները գիշերը կրակել են` ավելի շուտ վախից` վախենալով, որ մեր հետախուզությունը կթափանցի իերնց մոտ: Բայց ամեն դեպքում պետք էր զգույշ լինել: Առավելևս` հիմա, երբ արևմուտքում արևն արդեն մայր է մտել: Վատ ժամ է:
– 9 ամիս է մնացել ծառայությանս և վերջ «քաղաքացիական» եմ: Կքնեմ` ինչքան ուզեմ, և ոչ մի հրամանատար չի լինի, – մտածեց ու ժպտաց:
-Քնած չե՞ս, զինվոր, – հրամանատարի ցածր ձայնը լսեց անմիջապես կողքին:
– Ոչ մի կերպ, հրամանատար,- շշնջաց նա` նահանջող խավարի մեջ շարունակելով նայել և լսել գիշերային ձայները:
Այստեղ` առաջապահ դիրքում, ընդունված չէ սովորականի պես հրամանատարին պատիվ տալը:
Մշտական լարվածությունն ու զգուշավորությունը իրենց հետքն են թողել փոխհարաբերությունների վրա:
Այնպես չէ, թե տնավարություն է եղել, հրամանատարը մնում է հրամանատար: Բոլորը գիտեն, որ վայրկենական սխալը կարող է կյանք արժենալ:
– Հանգի՞ստ է ամեն ինչ: Ոչինչ չի՞ լսվում:
– Ճիշտ այդպես: Ինչպես միշտ:
– Դե ես առաջ եմ գնում: Քեզ շուտով կփոխարինեն,- ուսին թփթփացրեց հրամանատարը և կորավ խավարի մեջ:
Հրամանատարի հարցում նրա բախտը բերել է: Զինվորները նրան հարգում էին: Նա երբեք չէր բարձրացնում ձայնը և կարող էր երկար բացատրել ու ցույց տալ, թե ինչպես պետք է գործել այս կան այն իրավիճակում: Զինվորների հերթափոխ է արել, երբ տեսել է, որ չեն կարողանում շարունակել հսկողությունը:
Ոչ ոք չգիտեր, թե երբ է նա քնում: Միշտ ոտքի վրա էր: Քայլում է, նայում, սթափեցնում:
Ահա և հիմա նա լուռ շարժվեց առաջ` դիրքերի ուղղությամբ և ոգևորում հերթապահություն իրականացնող զինվորներին:
Շվոց…Պայթյուն…
Պայթյունի ալիքը նրան խրամատի խորքը շպրտեց:
Մինչև կհասկանար, թե ինչ պետք է անել, արագ վերցրեց ինքնաձիգը, իջեցրեց ապահովիչը և ձգեց փակաղակը:
Նայեց շուրջը:
Աջից բղավելով վազում էր հրամանատարը: Բայց աղմուկի մեջ հնարավոր չէր նրան լսել: Արկերը ծածկել էին դիրքը: Դրանցից մեկն ընկել էր կացարանի վրա: Փառք Աստծո, զինվորները հասցրել էին դուրս պրծնել այնտեղից:
Հրամանատարը հանգիստ, ինչպես զորավարժությունների ժամանակ, հրամայեց.
– Բոլորը զբաղեցնեն իրենց դիրքերը: Գլուխներդ չհանեք: Հակառակորդը գրոհելու է: Հատ-հատ եք կրակում:
Հրամանատարությանը հաղորդել այն մասին, որ մենք գնդակոծության տակ ենք:
Արկերի պայթյունները շարունակում էին ողողել մեր դիրքերը: Սարսափելի է:
– Տե´ր Աստված, պահիր ու պահպանիր:
Հրամանատարը, պահը որսալով, խրամատից դուրս նայեց:
– Գրո~հ: Ձեր մերը… Կրա~կ:
Ոտնաձայները չեն լսվում: Ցանկություն չկա խրամատից դուրս գալու: Այստեղ անվտանգ է: Պայթյուններ: Դրանք ծածկվում են ալիքով, հողով: Շուրջը փոշու ամպ է:
Ծխի և փոշու միջով նա տեսավ հրամանատարի դեմքը:
– Առա՜ջ, որդիս: Նրանք գալիս են: Հետո կվախենանք:
– Ես քեզ ի՞նչ որդի: Ընդամենը ութ տարով ես մեծ ինձանից, – հազիվ էր հասցրել մտածել, երբ հրամանատարի ձեռքը հրեց նրան դեպի խրամախորշ:
Տանկերը նա անմիջապես նկատել էր: Լուսադեմի մշուշի մեջ դրանք մի տեսակ անսովոր էին:
Ամեն ինչ, ասես, ֆիլմ լիներ: բայց ֆիլմ չէր…
-Կրա՜կ: Կրա՜կ:
Պայթյունների ձայների մեջ նա լսեց ինքնաձիգերի և գնդացիրների կրակոցները:
-Ինչո՞ւ իմ ինքնաձիգը չի կրակում,- նա շարունակում էր սեղմել ձգանը, բայց չէր կրակում:
-Գրողը տանի: Փամփշտակալ դատարկ է:
Երկու րոպեում նա դատարկել էր ամբողջ փամփշտակալը: Մոռացել էր հատ-հատ կրակոցների վրա դնել:
-Կեցցե´ս, զինվոր: Ճզմի դրանց,- հրամանատարը մի զինվորի մոտից մյուսի մոտ էր վազում` ոգևորելով նրանց:
Տանկերը կրակ էին թափում միաժամանակ: Դիրքերը պայթյունների տակ էին:
Վայրկենական դադար ու կրկին կրակոցներ:
-Առա՜ջ, տղերք: Օգնությունը հիմա կհասնի: Կրա՜կ, Կրա՜կ:
Արդեն սասափելի չէ: Չէ, ստում եմ. սարսափելի է: Բայց նրանց համար ավելի սարսափելի է: Նրանք վախենում են:
Հակառակորդի հետևազորն արդեն չի երևում: Նրանք պառկած են: Տանկերի շուրջ պայթյունների սյուներ են բարձրանում: Ուռա՜: Պատերազմի աստվածները: Հրետանին սկսել է հարվածել թշնամուն:
Թշնամու հրետանին չի լռում, կրակում է մեր դիրքերի վրա: Տանկերը շարունակում են առաջ շարժվել: Գոնե մեկը ոչնչացրեք:
Նրա մտքերը կարծես կարդացին. տանկերից մեկը կորավ ծխի մեջ:
Վրիպեց,- նա հազիվ էր մտածել, երբ նկատեց, որ տանկի աշտարակը թռել է:
Ուռա՜,- լսվեց խրամատներով մեկ: Եվ, միանալով այդ ձայնին, երկրորդ տանկն էլ կանգնեց ու կորավ ծխի մեջ:
Թշնամին շարունակում էր հարվածել բոլոր զինատեսակներից: Չնայած կորուստներին` առաջ էր շարժվում:
Ինքնաձիգերն ու գնդացիրները տաքացել էին: Հազարավոր մահաբեր փամփուշտներ թռչում էին թշնամու ուղղությամբ:
Առա՜ջ, գնդացրի մոտ, գնդացրորդը զոհվել է,- հրամանատարը գոռաց նրա ականջին և զբաղեցրեց իր տեղը:
Ենթարկվելով` զինվորը նետվեց գնդացրի մոտ: Բայց, տեսնելով սպանված գնդացրորդին, կանգ առավ:
-Վա՜յ,- վախը կրկի գլուխ բարձրացրեց: – Հնարավոր է ես է՞լ մեռնեմ: Այդ դեպքում ի՞նչ կլինի հորս ու մորս հետ:
– Զինվո´ր, մի վախեցիր: Մենք պետք է կանգնեցնենք թշնամուն: Այլապես բոլորս կսպանվենք: «Դավա~յ», ցավդ տանեմ: Լոխ լյավա իննան,- հրամանատար, հասկանալով զինվորի վւճակը, հայտնվեց նրա կողքին, – Դավա՜յ, կանգնեցրու նրանց:
Թշնամին նկատելով, որ գնդացիրը լռել է, կրակի ուղղությունը փոխեց:
Ստուգելով պահեստատուփը` զինվորը շոյեց ձեռքի գնդացիրը և նայեց զոհված գնդացրորդին:
– Լոխ լյավա իննան: Ես կլուծեմ քո վրեժը, եղբա´յր:
Գնդակներն ուղղվեցին թշնամու վրա, որ կրկին գրոհել էր:
Գնդացիրը հարվածում էր ուղիղ նրանց դիմաց: Պայթյունի ալիքը ետ էր շպրտել նրան:
Գլխում ամեն ինչ հանգիստ է:
Ինչ-որ մեկը խփեց նրա ուսին: Զիվորը բացեց աչքերը: Նրա առաջ մեկը գլուխ խոնարհեց:
Տարիքով տղամարդ էր` անթրաշ դեմքով: Տարօրինակ համազգեստ ուներ հագին: Նրանց գնդում նման համազգեստ չկա:
-Մի՞թե ազերիները ճեղքել են պաշտպանությունը,- մտածեց նա և վախեցած նայեց տղամարդու դեմքին: Վերջինս ժպտաց: Այդ ժպիտի մեջ ինչ-որ ծանոթ բան կար: Չի կարող պատահել:
-Արմեն քեռի՞,- անվստահ հարցրեց նա:
-Հա, տղաս, ես եմ,- ժպտաց տղամարդը և գրկեց զինվորին:
-Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դու 24 տարի առաջ զոհվել ես: Ես է՞լ եմ զոհվել,- սարսափահար մտածեց նա և կրկին հիշեց մորն ու հորը:
-Ոչ, տղաս, դու ողջ ես:
-Այդ ինչպե՞ս է, որ դու այստեղ ես:
-Կանգնի´ր,- Արմեն քեռին բարձրացրեց նրան,- նայի´ր ինձ:
Շուրջբոլոր պայթյունի ամպ էր բարձրացել, լսվում էր արկերի և ռումբերի սուլոցը: Չորս կողմում, խելագարվածի պես, թափվում էին փամփուշտները: Երեք տանկ վառվում էր հենց խրամատների առաջ: Զինվորներն առանց ավելորդ իրարանցման և զարմանալի հանգստությամբ պաշտպանվում էին: Այնպիսի զգացողություն է, որ նրանք նորակոչիկներ չեն, այլ մի քանի մարտ տեսած տղամարդիկ:
Նա պարզ տեսավ թշնամուն` անմիջապես կողքին: Զինվորը զգաց նրանց: Նրանք սարսափում էին:
-Նայի´ր:
Նա նայեց ծխի ամպի, փոշու միջով…
Տասնյակ տղամարդիկ` տարօրինակ համազգեստով, քաղաքացիական հագուստով, հոգնած աչքերով, կանգնեցին դիրքերում` զորակոչվածների կողքին:
Ուխ, այս ե՞րբ է հասցրել հասնել օգնությունը:
-Արմեն քեռի, նա…Նա, ախր, մեր հարևանն է: Նա զոհվել է Շուշիի ազատագրման ժամանակ:
-Այո, տղաս: Դա նա է: Բոլորն ասյտեղ են: Բոլորը եկել են: Բոլորը, որ այն ժամանակ զոհվել են, բոլորն այստեղ են, իրենց որդիների, թոռների կողքին, նրանց կողքին` հանուն որոնց զոհվել են: Քանի դեռ մեզ հիշում եք, մենք ձեզ հետ ենք: Քանի դեռ մեր տղաներն ու աղջիկները ապրում և կռվում են` հանուն Հայրենիքի, մենք ձեզ հետ ենք, չենք մեռնի: Հիշո՞ւմ ես` ինչ է ասել Մոնթեն: «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Այնտեղ` երկնքում, ես ուզում եմ հպարտանալ քեզանով և բոլոր մեր տղաներով, ինչպես դուք եք հպարտանում մեզանով: Այնպես որ` ի մարտ: Ոչնչից մի վախեցիր: Ես քեզ հետ եմ, տղա´ս:
Կրկին պայթյուն…
Զինվորը նետվեց դեպի գնդացիրը: Փամփուշտները կուլ էին տալիս թշնամուն: Իսկ իր կողքին, թիրախային կրակ վարելով, պառկած էր քեռին:
Թշնամին թողեց զոհերին ու վիրավորներին և սկսեց նահանջել: Իսկ խրամատներն արդեն լցվել էին զինվորներով և կամավորներով` տագնապ տալուն պես:
Լռություն է:
Բոլորը, ովքեր պատեազմ են տեսել, գիտեն, թե որքան թանկ է այդ լռությունը: Անգամ ճանճի տզզոցն այդ ժամանակ տարօրինակ է թվում: Ուրախ տագնապային է…
Լռություն է:
Նա մի կողմ դրեց գնդացիրը և հենվեց հողապատնեշին: Ձեռքերը դողում էին: Ոտքերի տակ գլորվում էին դեռևս չմարած պարկուճները:
Նա նայեց շուրջը: Ոչ ոք չկար:
Հարևան խրամախորշի մոտ նստած էր հրամանատարը: Զինվորը մոտեցավ նրան:
Հրամանատարը ծերացել էր ուղիղ 20 տարով:
– Ապրենք բոլորս: Հպարտանում եմ ձեզանով:
-Պարոն հրամանատար…ուզում եմ ասել… ես տեսել եմ…տեսել եմ:
Հրամանատարն անհասկանալի հայացքով նայեց նրան: Գրկեց:
-Գիտեմ: Մենք բոլորս տեսել ենք… Զոհված հայրս էլ էր կռվում ինձ հետ…
Սերգեյ ԼԵՌՆԱՅԻՆ
voskanapat.info