ՀՀԿ-ի կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց», կմնա օդում կախված վիճակում

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

 – Պարոն Խաչատրյան, խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն կունենա 55 մանդատ, ԲՀԿ-ն՝ 30, «Ելքը»՝ 9, ՀՅԴ-ն՝ 7: Սպասելի՞ էին այս արդյունքները։

– Մեծամտություն չլինի՝ մոտավորապես այդպես էլ ես պատկերացնում էի։ Մի քիչ «Ելքի» ձայներն էի շատ պատկերացնում, «Բարգավաճինը»՝ մի քիչ քիչ, բայց կուսակցությունների քանակի առումով սպասելի էր։

– Ընտրությունները կարելի՞ է համարել ժողովրդավարական։ Ասում են՝ ընտրատեղամասերում կեղծիքներ, լցոնումներ չեն եղել, ինչ կատարվել է՝ դրսում է եղել, իսկ դրսում կատարվածը կարող է ցանկացած երկրում էլ լինել։

– Իհարկե, դժվար է ասել՝ ցանկացած երկրում։ Ժողովրդավար երկրներում այն, ինչ այստեղ դրսում էր կատարվում, չի կատարվում։ Ժողովրդավար երկրներում բացառվում է դրսում կատարվածը, որովհետև մարդիկ ժողովրդավար երկրներում հավատում են ընտրության արդյունքներին և թույլ չեն տալիս իրենց ձայնն առնել։ Բայց եթե մարդկանց մոտ վստահություն կա, որ մեկ է՝ արդյունքը կանխորոշված է, նման այլանդակություններ ավելի հեշտ է կազմակերպել։

Բացի դա, եթե ժողովրդավար երկրում որևէ կուսակցություն թույլ տա իրեն պատգամավորության թեկնածու առաջադրել անգրագետի, խուլիգանի և այլն, նա ուղղակի ձայն չի ստանա։ Այնպես որ, ոչ թե ցանկացած երկրում, այլ ցանկացած ոչ ժողովրդավար երկրում՝ այո։ Իսկ այն, ինչ մենք նկատեցինք, ապացույցն է, որ մեր իշխող քաղաքական վերնախավը ժողովրդավարական սկզբունքներից և հանրապետական կարգերից իր էությամբ ու մտածելակերպով շատ հեռու է։ Իսկ նման էությամբ ու մտածելակերպով բացառվում է որևէ զարգացում երաշխավորել՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հանրային կյանքում։ Ակնհայտ է, որ այս ամենն ընդամենը ետընթացի գրավական է բոլոր բնագավառներում։

– Իսկ ՀՀԿ-ի կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց», ո՞ւր մնաց։

– Կմնա, ինչպես ասում են, օդում կախված վիճակում։

– Պարոն Խաչատրյան, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության կամ «Ազատ դեմոկրատների» արևմտամետ գաղափարներն ինչո՞ւ ընկալելի չդարձան ընտրողների համար։

– Որովհետև նախորդ 5 տարիների ընթացքում օր ու գիշեր պետք էր այդ ուղղությամբ աշխատել։ Իսկ դրա մասին բարձրաձայնելը միայն քարոզարշավի ժամանակ՝ որևէ արդյունք չի կարող տալ։ Որպես կանոն՝ քարոզարշավը պետք է նախորդ 4 տարիների կատարած աշխատանքի ամփոփումը լինի։

– Բայց ՀԱԿ-ն ԱԺ-ում, կարծես, բավականին ակտիվ էր։

– Ես չէի ասի, որ ակտիվ էր։ Ակտիվ ելույթներ ունեցել էր, բայց դա քիչ է։ 1-2 հոգի վատ ելույթներ չեն ունեցել, բայց կառույցն ինքը լավ չի աշխատել։

– Արդյոք դերակատարում ունեցե՞լ է այն, որ Հայաստանի բնակչության ծանրակշիռ մասը ռուսամետ է և արևմտյան արժեքներին այնքան էլ չի հետևում։

– Ես բնավ այդ կարծիքին չեմ և չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության 2%-ն է հասկանում՝ ինչ է նշանակում զարգացող պետություն, կամ՝ որոնք են զարգացման երաշխիքները։ Բայց այդ գաղափարներ հռչակողին պետք է վստահեն։ Քիչ է միայն գաղափարներին վստահելը, մարդիկ նաև կրողին պետք է վստահեն, որպեսզի քվեարկեն։

– Այդ դեպքում «Ծառուկյան» դաշինքի ֆենոմենը ո՞րն է, եթե երկար ժամանակ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս էր։

– «Ծառուկյան» դաշինքի ֆենոմենն այն է, որ գաղափարներին չեն հավատում, բայց կրողին են հավատում։ Փաստն այն է, որ ենթադրում են, որ այդ մարդն իրենց օգտակար կլինի։ Իսկ այլ տեսանկյունից վերլուծությունն այսօրվա Հայաստանի ընտրողին քիչ է հետաքրքրում։ Բացի այդ, եթե իրական ընդդիմադիր ուժերը, որոնք իրենց այդպես են համարում, ընդհանուր ճակատով հանդես գային, այն ժամանակ Ծառուկյանի ֆենոմենը չէր աշխատի։

– Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին վերադարձրեց՝ ընդդիմության ձայները խլելու նպատակով։ Եթե սա ընդունենք ի գիտություն, կարծես գաղափարը հաջողել է, և հաշվարկը ճիշտ էր։

– Ոչ, ես այստեղ հաշարկի խնդիր չեմ տեսնում։ Ասում են՝ ընդդիմության ձայները մասնատվեց, բայց ո՞վ էր խանգարում ընդդիմությանը միասնական ճակատով հանդես գալ, որ ձայները չմասնատվեին։

– Եվ ի՞նչը խանգարեց ընդդիմությանը միասնական ճակատով հանդես գալ։

– Դա իրենց պետք է հարցնել։ Դա բացատրություն ունի, արդարացում չունի։ Բացատրությունն այն է, որ իրենք ընդդիմություն չեն։ Եվ պարտադիր էլ չէ, որ նախագիծ լինեն։ Այն են, ինչ կան։ Իսկ Ծառուկյանի կազմակերպությունն էլ, կարծում եմ, կզբաղեցնի «Օրինացի» ազատ թողած նիշան։ Իշխանությանը պետք է այդ ոճի ինչ-որ մի քաղաքական ուժ, և դա այժմ կլինի «Ծառուկյան» դաշինքը, որը գուցե և կոալիցիա չկազմի, բայց դրանից էությունը չի փոխվի։ Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանի էլեկտորատն է շրջվել դեպի Ծառուկյանը, ոչ թե ընդդիմության ձայներն է նա ստացել։

– Դիտորդներն արձանագրում են, որ ընտրությունները բաց ու թափանցիկ են եղել, և այդ տեսանկյունից նույնիսկ մի շարք արևմտյան երկրներին գերազանցել են, չեն արձանագրվել էական խախտումներ, որոնք կազդեին ընտրությունների ելքի վրա։

– Ընտրությունները կանխորոշվել են տեղամասերից դուրս, բայց միաժամանակ տեղամասերում խայտառակ փաստեր են արձանագրվել, որոնց մի մասին մենք տեղյակ ենք։ Իսկ եթե 1-ին տեղյակ ենք, դա առնվազն 300-ով պետք է բազմապատկել։ Չէ՞ որ ամբողջը չի ֆիքսվում։

– Իսկ ընտրատեղամասերից դուրս իրավիճակը փոխելու համար ի՞նչ է պետք։

– Չգիտեմ։ Ես մի բան գիտեմ, որ մի քանի նպատակ էր դրված. առաջինը՝ ընտրությունները վստահության մթնոլորտ ձևավորեին։ Բնական է, որ դա չի լինելու, ի վերջո, և՛ քվեարկածները, և՛ չքվեարկվածները հասկացան, որ իրենք գործիք էին մեծամասամբ, ոչ թե ընտրության օբյեկտ։ Իրենք սուբյեկտ չէին, ավելի շատ մանիպուլյացիայի օբյեկտ էին։ Ցանկացած կաշառք վերցնող մարդ հասկացել է, ինքը վաճառել է իր ձայնը, ոչ թե ընտրել է։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ խոստովանեց, որ ընտրակաշառքն ընտրությունների ամենաթերի կողմն էր։ Բայց այդ ընտրակաշառքից զատ՝ առաջադրել են մարդկանց, որոնց անգամ մոտ չպետք է թողնեին Ազգային ժողովին, ոչ թե թեկնածու գրանցեին։

Իսկ եթե դա թույլատրվում է, մնացածն ածանցյալ է դառնում։ Դրանից մեծ «ընտրախախտում» չկա։ Եթե սկզբունքորեն սկզբունքը խախտում ես, ածանցյալներն արդեն պարզ է, թե ինչ կլինեն։ Այնպես որ, այս ընտրությունները վստահության մթնոլորտ չեն առաջացնի, համաձայնության տրամադրություններ չեն առաջանա, մարդիկ իրենց նորից կզգան իշխանությունից օտարված, նսեմացած, արհամարհված։ Եթե վարչապետն իրեն թույլ է տալիս ասել, որ դպրոցների դեպքը մանրուք է, ապա պարզ է, թե ինչն է մեծություն իրենց համար։ Ինչպե՞ս կարելի էր դա մանրուք անվանել։ Դա խայտառակ դեպք է։ 114 տնօրեն ցուցակագրում են մարդկանց, ու դա համարվում է մանրուք։ Ես այս պարագայում բացառում եմ զարգացման որևէ լուրջ նախադրյալի ձևավորում։

– Պարոն Խաչատրյան, թեզ է առաջ քաշվում, որ իրավիճակը փոխելու համար հարկավոր է ընտրելու իրավունք տալ սփյուռքահայերին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Դա թյուրիմացություն է։ Դա նշանակում է՝ պետության մասին պատկերացումներն ամբողջությամբ գլխիվայր ներկայացնել։ Ցանկացած պետության հարցերը պետք է լուծեն պետության, ոչ թե էթնիկ պատկանելությամբ քաղաքացիները։ Դա ուղղակի անթույլատրելի է։

Տեսանյութեր

Լրահոս