«Եթե ժողովուրդը՝ ոջլոտ ուղեղով, սպասում է, թե երբ պետք է իրեն կաշառք տան, մնացած փոփոխությունները ոչինչ չեն տալու». Սերգեյ Դանիելյան

«Թեև իմ ծրագիրը չանցավ, ես, միևնույն է, իշխանության հետ եմ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ ընդգծելով, որ «Քաղաքացիական ակտիվ քայլ» նախագիծը քաղաքական սատիրայի հրաշալի քայլ էր։

«Հասարակ ժողովուրդը հուսահատվեց, որ չի կարող ինձ ընտրել, իսկ ավելի գիտակից մասսան իր համար շատ բան բացահայտեց։ Բայց կարևորը՝ ներկայացմանս տոմսերը երկու շաբաթ առաջ ծախվում են, այ քեզ բան, why not?»,- ասաց Սերգեյ Դանիելյանը՝ հավելելով, որ արդեն կաշառված է, իշխանամետ ու իշխանահետ։

Դանիելյանի խոսքով՝ մտավորականը գովում է իշխանությանը երկու պատճառով. «Կամ իսկապես հավատում է, կամ ինչ-որ նկատառումներից ելնելով, այսինքն՝ զուտ իր դիրքի պատճառով։ Աշխարհում ոչ մի մտավորական երբեք չի եղել իշխանության հետ, նա միշտ պետք է ինչ-որ բանի դեմ լինի, որ թեկուզ իշխանությանն օգնի։ Եթե անգամ ամենաընդդիմադիրը բանտից դուրս գա ու լինի իշխանություն, ես նրա հետ չեմ լինի։ Հո պո՞չ չես, որ ինչ-որ մեկի հետևից գնաս, քո հետևից պետք է գան»։

Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հասարակությունը մտավորականի հետևից չգնա. «Մենք հիմա այնպիսի մտավորականներ չունենք, որ, օրինակ, գնան՝ Պուտինի հետ կռիվ տան, ինչպես 90-ականներին մեր մտավորականներին էինք ուղարկում Ռուսաստան ու սպասելիքներ ունեինք։ Այսօր այն ժամանակը չէ, որ լինի մի մտավորական, որի հետևից բոլորը գնան։ Հիմա ո՛չ այդպիսի իշխանավոր կա, ո՛չ էլ այդպիսի մտավորական, որ հետևից գնան։ Մենք պետք է արժեքային համակարգ ունեցող հասարակություն ձևավորենք, որ դրանից էլ իշխանություն ձևավորվի»։

Նրա խոսքով՝ եթե ժողովուրդը՝ ոջլոտ ուղեղով, սպասում է, թե երբ պետք է իրեն կաշառք տան, մնացած փոփոխությունները ոչինչ չեն տալու. «Մեր հասարակության զգալի մասը նյութապաշտ, սեփական կղանքի մեջ լողացող մասսա է, որը ծնում է մտավորականություն, իշխանություն»։

Տեսանյութեր

Լրահոս