Ընտրական մարաթոնի եզրագծին ՀՀԿ­-ն ունի հաջողության հասնելու բոլոր շանսերը. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գտնում ենք, որ բոլոր քաղաքական դերակատարների համար ստեղծվել են հավասար պայմաններ նախընտրական քարոզչության համար, քարոզարշավն աննախադեպ խոսքի ազատ արտահայտման մթնոլորտում է անցել, որևէ քաղաքական ուժի իրավունքներ չեն սահմանափակվել: Շնորհակալ եմ նաև լրատվամիջոցներին բոլոր քաղաքական ուժերին հնարավորինս հավասար լուսաբանելու համար»,­- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ իրենք համայնք առ համայնք հանդիպել են ընտրողների հետ և այս առումով թե ուղիղ շփումները հանրության հետ, թե սոցիալական տարբեր հարցումներ վկայում են, որ ընտրական մարաթոնի եզրագծին ՀՀԿ-­ն ունի բոլոր շանսերը հաջողություն գրանցելու համար: «Երբ ասում եմ հաջողություն, խոսքը մեր ժողովրդի վստահության մասին է, որի արդյունքում Հանրապետականը կամ միայնակ, կամ կոալիցիա կազմելու եղանակով կկարողանա ձևավորել կառավարություն»,-­ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ընդգծեց, որ հաջողության դեպքում իրենք շարունակելու են համակարգային փոփոխությունները հանրային կյանքի բոլոր ոլորտներում: «Մենք ցույց ենք տվել, որ ունենք մրցունակ ու իրատեսական ծրագիր, ունենք գաղափարախոսություն, ունենք լավ թիմ: Մենք վերցրել ենք իրատեսական ծրագիր և չենք գնացել ժողովրդի ականջը շոյելու ճանապարհով: Կոռեկտ ենք համարում նաև մնացած քաղաքական ուժերի դիրքորոշումները` չնայած 1­2 դժբախտ բացառումներին: Դժբախտ իրենց համար, որովհետև քաղաքականության մեջ քաղաքական մանկամտությունը չարիք է: Երբ քաղաքական որոշ գործիչներ փորձում են ուրիշի վրա ցեխ շպրտելով բարձրացնել իրենց վարկանիշը, պետք է հասկանան, որ դա որևէ օգուտ չի տա»,­- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս