«Ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել, որովհետև մենք ուրախ ենք». Արամ Մանուկյան
«Մենք ենք որոշելու այս երկրի ճակատագիրը, մեր երեխեքի ճակատագիրը»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հրավիրած հանրահավաք-խաղաղության երթի մեկնարկին ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։ Սակայն մինչ դա, նա ազդարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական հանրահավաքի մեկնարկը, որից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
Արամ Մանուկյանն ասաց, որ այսօր ասելու է միայն դրական, լավ բաներ, ոգևորող բաներ։
«Ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել, որովհետև մենք ուրախ ենք»,- ասաց նա։ Վերջինիս խոսքով, քանի դեռ պայքարում են, ոչ մի փող, կաշառք, ծախված ուսուցիչ չի որոշելու ՀՀ ճակատագիրը, իրենք են որոշելու այս երկրի ճակատագիրը, իրենց երեխաների ճակատագիրը, քանի դեռ իրենց կամքը ծով է։
«Առաջին անգամ այս 30 տարվա մեր պայքարի մեջ կազմակերպելու ենք խաղաղության երթ։ Այն ուժը, որը հաղթաանակ է տարել ԼՂ-ում, որն ընդարաձսակել է Հայաստանը, այսօր ասում է՝ Հայաստանը պետք է գնա խաղաղ ճանապարհով։ Ովքեր վաստակել են, նրանք էլ Հայաստանին խաղաղություն կբերեն և մեր ցանկությունը, մեր կամքը այս առումով անկոտրում է»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Նա ասաց, որ շատ ասելիք չկա, որովհետև երեկվա Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո պարզապես ոչինչ ասել հնարավոր չէ։
«Բոլորս հպարատանում ենք, որ ունենք ղեկավար, կուսակցության ղեկավար, ունենք քաղաքական գործ, որը համաշխարհային մակարդակի է, որը ՀՀ ամենաազնիվ, ամենատեղեկացված, ամենամտահոգ, ամենահեռատես, ամենաիմաստուն քաղաքական գործիչն է, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ դեռևս շատուշատ հաղթանակներ ենք արձանագրելու։ Շնորհակալություն Տեր-Պետրոսյանին, շնորհակալություն Ձեզ, շնորհակալություն Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, որ այստեղ ենք ու պայքարում ենք։ Երթով ցույց կտանք, որ գնում ենք արդար, ՀՀ զարգացման, ՀՀ հեռանկարի, ՀՀ անկախության ամրապնդման ճանապարհով»,-ասաց Արամ Մանուկյանը։
Ամփոփելով իր ելույթը՝ նա տեղեկացրեց, որ այսօր ելույթներ քիչ են լինելու։