![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԻԵԴ-ի կողմից վարույթ ընդունված հայցերը մեծածավալ աշխատանքի արդյունք են. ԱՀ օմբուդսմեն
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Ruben-Meliqyan.jpg)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արագացված կարգով վարույթ
ընդունված ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայցերի վերաբերյալ լուրն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ուրախալի է որակել:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այն մեծածավալ աշխատանքի արդյունք է, որը կատարվել է փաստաբանական խմբի կողմից՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից:
«Եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գործը քննվում է սովորական կարգով, ապա այն կարող է տևել մինչև 10-ը և ավելի տարիներ: Իսկ արագացված կարգով ընդունելու դեպքում ժամանակի առումով այն ավելի կարճ կլինի, բայց ոչ, ասենք, մի քանի ամիս: Ընթացակարգը հետևյալն է՝ նախ գործը ուղարկվում է պատասխանող կողմի կառավարությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին, և
տրվում է բավական երկար ժամանակ, որպեսզի պատասխանատու կողմը ներկայացնի իր պատասխանը: Հետո ուղարկվում է դիմողներին՝ մեկնաբանելու պատասխանող կողմի պատասխանը և ներկայացնելու արդարացի փոխհատուցման վերաբերյալ իր
պահանջները»,-ասել է Մելիքյանը և հավելել, որ հետո նորից է ուղարկվում պատասխանող պետությանը, դրանից հետո՝ որոշակի ժամանակ անց, կայացվում է վճիռը:
ԱՀ ՄԻՊ-ի խոսքով, Եվրոպական դատարանում, ընդհանուր առմամբ, դա է ամենապարզ ձևով ներկայացված ընթացակարգը, բայց հաճախ լինում է նաև, երբ այդ մեխանիզմն անցնում է ևս մեկ շրջան:
Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՄԻԵԴ-ն սկսել է ապրիլի 2-ին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ 23 գործի քննություն: