Փախչող զարթուցիչ, տաքացվող ձեռնոցներ և տպագրական սարք պլանշետների համար. Հետաքրքիր գադջետներ ամբողջ աշխարհից
Բացի սովորական գադջետներից՝ աշխարհում ստեղծվում են մի շարք տարօրինակ և հետաքրքիր գադջետներ, որոնք կզարմացնեն ձեզ իրենց յուրահատկությամբ և օգտակարությամբ: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր գադջետներ:
Փախչող զարթուցիչ
Եթե սովորական զարթուցիչը չի կարողանում արթնացնել ձեզ, ապա Clocky զարթուցիչը հենց ձեզ համար է: Ձեր կարգավորած ժամին զարթուցիչը ոչ միայն ազդանշան կտա, այլևս կսկսի շատ արագ շարժվել: Ազդանշանն անջատելու համար պետք է հասցնել բռնել փախչող զարթուցիչը: Այս միջոցով դուք ոչ միայն կարթնանաք, այլև առավոտյան նախավարժանք կանեք:
Այս սարքավորումն աշխատում է 4 մարտկոցներով և այնպիսի կառուցվածք ունի, որ չի վնասվի անգամ պահարանից ընկնելու դեպքում:
Այս գադջետը կարող եք ձեռք բերել առավելագույնն 80 դոլարով:
Տաքացվող ձեռնոցներ
Ցրտաշունչ ձմռանը շատերն ունեն ձեռքերը տաքացնելու խնդիր: Երբեմն այնքան ցուրտ է լինում, որ անգամ ձեռնոցը չի օգնում: Բրիտանական Blazewear ընկերությունը լուծել է այս խնդիրը: Ընկերությունը ստեղծել է տաքացվող ձեռնոցներ, որոնք աշխատում են կամ մարտկոցով, կամ USB միացմամբ: Այս ձեռնոցներն արժեն առավելագույնը 17 դոլար: Դրանք ձեռք բերել կարող եք գրեթե բոլոր երկրներից:
Ինտերնետ կապի մեդիափլեյեր
Ինտերնետ կապի մեդիափլեյերը գադջետ է, որի միջոցով համացանցի ցանկացած տեղեկատվություն կարող եք տեսնել հեռուստացույցի էկրանին: Այն շատ փոքր է՝ 127х87х30 մմ: Այս սարքի առավելությունն այն է, որ այն կարող է միանալ նոր սերնդի ցանկացած տեսակի հեռուստացույցի: Կարող եք հեռուստացույցին միացնել նաև ստեղնաշար և մկնիկ և վերածել այն համակարգչի:
Այս գադջետի միջոցով կարող եք դիտել բոլոր հաղորդումները համացանցում, ինչպես նաև՝ հետևել IPTV ալիքների հեռուստաեթերներին:
Այս գադջետը կարող եք գնել առավելագույնը 65 դոլարով:
Տպագրական սարք պլանշետների համար
Ռետրո ոճի գադջետների սիրահարների համար ստեղծվել է USBTypewriter տպագրական սարքը:
Սա դասական գրամեքենա է, պարզապես թղթի հատվածում կա շրջանակ, որտեղ պետք է հարմարեցնել պլանշետը: Պլանշետը գրամեքենային է միանում USB-ի միջոցով:
Այս սարքավորումն արժե 850 դոլար և առկա է շատ փոքր քանակով:
Սուլոցին արձագանքող կախազարդ
Որպեսզի բանալիները չկորչեն, կարելի է դրանց վրա կախել սուլոցին արձագանքող կախազարդ: Լսելով սուլոցը՝ այս գադջետը ձայնային ազդանշան է միացնում, ինչն օգնում է հեշտությամբ գտնել բանալիները:
Սիրարփի Աղաբաբյան