Սամվել Բաբայանը պնդում է, որ «Իգլա»-ի հետ կապ չունի. «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Իգլա»-ի հետ կապ չունի, «Ազատության»-ը փոխանցեց Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանը՝ նշելով, որ Բաբայանը չի ընդունում կասկածանքները։

Քալաշյան. – Միանշանակ կերպով՝ այդ կասկածանքները չի ընդունում, անհիմն է համարում։ Ցուցմունք ինքը տվել է և ցուցմունքում նշել է, որ ինչում իրեն կասկածում են, ոչ մի առնչություն չունի իր հետ։ Ավելի մանրամասն ես, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեմ կարող ասել։ Մեդադրանք կառաջադրվի, թե՝ ոչ, այս պահի դրությամբ դեռ պարզ չէ։

«Ազատություն». – Դա ե՞րբ պարզ կլինի։

Քալաշյան. – Վաղը կամ մյուս օրը։

«Ազատություն». – Պարոն Քալաշյան, պարոն Բաբայանը նշում է, որ որևէ կապ չունի այդ «Իգլա»-ի ներկրման փորձի հետ, այդ դեպքում ինչո՞ւ են իրեն ձերբակալել, նա քաղաքական ինչ-որ ենթատեքստ տեսնո՞ւմ է։

Քալաշյան. – Առայժմ այդ մասին կարծիք չի հայտնում, որովհետև դեռ պարզ չէ։

«Ազատություն». – «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել և նշել, որ ձերբակալությունը միանշանակ քաղաքական է։

Քալաշյան. – Պարոն Բաբայանն այդ մասին կարծիք չի հայտնել։ Ես, որպես նրա փաստաբան, զերծ եմ մնում նման կարծիք հայտնելուց։ Ես իրավաբան եմ, գործ ունեմ միայն քրեական գործի հետ։ Իմ գործը նա է՝ գործով ձեռք բերված փաստերը հիմնավոր են, թե՝ ոչ։

«Ազատություն». – Կա՞ն ապացույցներ, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հիմնավոր ապացույցներ ունի՞։

Քալաշյան. – Ներողություն, նման հարցերին, գաղտնիությունից և իմ պաշտպանյալի շահերից ելնելով, առայժմ չեմ կարող պատասխանել։

«Ազատություն». – Ամեն դեպքում, Սամվել Բաբայանն ասում է, որ ինքը կապ չունի այդ «Իգլա»-ի հետ։

Քալաշյան. – Միանշանակ, միանշանակ՝ կապ չունի։

Տեսանյութեր

Լրահոս