«Առանձնապես նորություն չկա, ուժային բևեռների բախում է». Արմեն Բաղդասարյան
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ անդրադառնալով քաղաքական ուժերի թիմակիցների միջև տեղի ունեցած բախումներին՝ ասաց, որ գուցե ծավալներով դրանք աննախադեպ չեն, բայց բովանդակային առումով աննախադեպ են, քանի որ առաջին անգամ ավելի հաճախ գրանցվում են նույն կուսակցության թեկնածուների միջև.
«Դրանում ընդհանրապես չկան քաղաքական պայքարի տարրեր։ Դա քաղաքական պայքար չէ։ Երբ հետո մեկնաբանում են դրանք, ասում են, որ վեճերը կենցաղային հողի վրա են տեղի ունեցել։ Պատկերացրեք՝ ճիշտ են ասում, որովհետև նրանք փորձում են մանդատի տիրանալ՝ հենց կենցաղային հարցեր լուծելու համար, որպեսզի հարստանան, հարկեր չտան, և այլն»։
Անդրադառնակով քարոզարշավի բովանդակությանը՝ նա նշեց, որ առանձնապես նորություն չկա, ուժային բևեռների բախում է։
«Դիտարկենք իշխող կուսակցության քարոզարշավը. շատ պարզ, պրիմիտիվ քարոզչություն է։ Ասում են՝ ա՛յ, տեսեք, սա մեր վարչապետն է, տեսեք՝ ինչ լավ մարդ է, ուզո՞ւմ եք նա վարչապետ լինի, ընտրեք ՀՀԿ-ին։ Ընդ որում, ես երբեք չեմ լսել արտահայտություն, որ նա հաջորդ հինգ տարում վարչապետ կլինի։ Որևէ մեկը չի ասել, որ նա ևս հինգ տարի լինելու է վարչապետ։ Ասում են՝ վարչապետ է լինելու ընտրություններից հետո՝ անկնհայտորեն նկատի ունենալով մինչև 2018թ.։ Ուրիշ բան, որ դա բարձրաձայն չեն ասում, որովհետև քարոզչական էֆեկտը կնվազի»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Խոսելով մյուս կուսակցությունների քարոզարշավի մասին՝ նա նշեց, որ գաղափարական տարրեր գրեթե չկան, ավելի շատ համոզում են մարդկանց, որ ամենալավն են։
«Պահանջարկն է առաջարկ ծնում։ Հասարակության մի զգալի մասն իշխանություններից քաղաքական, աշխարհաքաղաքական լուծումներ, երկրի զարգացման մոդելներ չի ակնկալում։ Հասարակության զգալի մասն ասում է՝ մեզ լավ նայեք։ Քաղաքական ուժերն այդպես էլ անում են, լավ են նայում։ Տեսե՞լ եք «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը՝ մարդիկ մոտենում են, ծրարի մեջ գրված ինչ-որ բաներ են տալիս՝ ակնհայտորեն կենցաղային հարցեր լուծելու առաջարկներ, նա էլ վերցնում է, դնում գրպանը»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքական տարրն այս ընտրություններում գրեթե զրոյի է հավասարեցված։