2017-ի հունվարին ՀՀ բանկերի քարտերով արտասահմանում իրականացվել է 192 հազար գործարք
ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով արտասահմանյան երկրներում այս տարվա հունվարին իրականացվել է 192 149 գործարք։
Դրանց մեծ մասը՝ 177 616-ը, անկանխիկ գործառնություններ են, 14 533-ը՝ կանխիկացումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հունվար ամսվա տեղեկագրից։
Իրականացված գործարքների քանակը 2016-ի հունվարի համեմատ ավելացել է 28 829-ով կամ 17.7%-ով։ Ընդ որում, կանխիկացման գործարքների թիվը նվազել է 6181-ով կամ շուրջ 30%-ով, իսկ անկանխիկ գործառնությունների քանակն աճել 35 հազարով կամ 24.6%-ով։
Ինչ վերաբերում է իրականացված գործարքների արժեքին, ապա ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով արտասահմանյան երկրներում այս տարվա հունվարին իրականացվել են 7 մլրդ 187 մլն դրամի գործարքներ։
Այդ թվում՝ 1 մլրդ 243 մլն-ը կանխիկացումն է, 5 մլրդ 944 մլնը՝ անկանխիկ գործառնությունները։
Նախորդ տարվա հունվարի համեմատ գործարքների արժեքային ծավալը նվազել է 145 մլն դրամով կամ 2%-ով։