«Լրիվ գյուղը պետք ա ինձ ձայն տա». Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջում խոստացավ փողոց ասֆալտապատել. tert.am
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արմավիրի մարզից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Առաքել Մովսիսյանն այսօր նախընտրական հանդիպումներ ունեցավ Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ, հաղորդում է tert.am-ը:
Գյուղապետ Մանվել Մկրտչյանը ներկայացրեց թեկնածուին, թեև համոզված էր, որ գյուղացիները ճանաչում են: Մինչ հարցերին անդրադառնալը պատգամավորը ներկայացավ և նշեց, թե 12 տարի է՝ պատգամավոր է, առաջին անգամ ընտրվել է մեծամասնականով, երկու անգամ՝ համամասնականով:
Գյուղապետն ասաց, թե խնդիրները շատ են, առաջնային խնդիրը կենտրոնական ճանապարհն է, հնարավորություն չունեն համայնքի միջոցներով լուծել այդ հարցը, խնդրանքն է՝ ասֆալտապատել ճանապարհը։
«Ես դա անելու եմ, ֆսյո։ Հենց հիմա էդ գյադուն կանչի ստե, ասֆալտ անողին»,-հանձնարարեց նա: Զանգից հետո արդեն ասֆալտ անողը տեղում էր, ծանոթացավ պահանջներին:
«Դե որ տենց ա, տատուս ու պապուս էլ կբերեմ ընտրության»,-ասաց գյուղացիներից մեկը:
«Յանի սխա՞լ ես անելու»,-ասաց Առաքել Մովսիսյանը և գյուղապետից հետաքրքրվեց, թե քանի՞ ընտրող կա գյուղում:
«1160»,-ասաց գյուղապետը և հաջորդ հարցին, թե «ինչքա՞ն են հելնում», պատասխանեց, թե 500, 600:
«Ժողովուրդ էս անում եմ, սաղ գյուղը պատրա՞ստ է կողս կանգնելու»,-հարցրեց Առաքել Մովսիսյանը: Հավաքվածները բացականչեցին, թե կանգնած են:
Առաքել Մովսիսյանը հավելեց. «Սաղ գյուղին հավաքեք, թող ինձ ձեն տան, բայց մինչև ձեն տալը արդյունքը կտենաք»:
Մի երիտասարդ հավելեց, թե գյուղի քվեների մեծ մասը նրան է պատկանում: «Տո որ ուզում ես իմանաս՝ լրիվ էլ պետք ա տաք»,-արձագանքեց պատգամավորի թեկնածուն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: