
«Մեր ծրագիրն ուղղված է լինելու նրան, որ երիտասարդն ամուսնանալու դեպքում խնդիր չունենա». Կարեն Կարապետյան

Հանրապետական կուսակցության ծրագիրն ուղղված է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, երիտասարդների խնդիրների լուծմանը: Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը այդ մասին նշեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան` ի պատասխան քաղաքացիներից մեկի հարցին երիտասարդների խնդիրների մասին, որոնց պատճառով շատերը չեն ցանկանում ամուսնանալ:
«Մեր ծրագրի մեջ ենթածրագիր չկա, որ մենք հատուկ անելու ենք այնպես, որ երիտասարդներն ամուսնանան, բայց որպես ածանցյալ դա էլ է լինելու: Մեր ծրագիրն ուղղված է լինելու նրան, որ տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, որ երիտասարդն էլ այդ խնդիրները չունենա»,- ասաց վարչապետը` ավելացնելով, որ այսօր երիտասարդները խնդիր ունեն պետական ծառայությունում աշխատելու, որովհետև շատ դեպքերում պահանջվում է փորձ, որը երիտասարդը չի կարող ունենալ:
«Իսկ մենք պետական համակարգում կրակոտ, էներգիայով լի մարդկանց կարիք ունենք: Մենք մեր տնտեսությունն ուղղակի պետք է բարձրացնենք, արժանավայել աշխատավարձ ու թոշակ ստանալ ենք ուզում, միայն այդ դեպքում խնդիրներն ավտոմատ կլուծվեն»,- ասաց Կարեն Կարապետյանը: