««Այս տարիները սերտ համագործակցության տարիներ էին, և մենք հասանք իրական դաշնակցային հարաբերությունների». Սերժ Սարգսյան
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն ու փոխգործակցությունը շարունակաբար հարստացվում է, ավելանում են նոր հարցեր: Այս մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցով Մոսկվա այցելելու հրավերի համար:
«Մենք անցկացնում ենք բարձր մակարդակի պարբերական հանդիպումներ, որոնք թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածում իրականացված գործողությունների արդյունքները և բնականաբար ուրվագծել համագործակցության հիմնական ուղղությունները մոտակա ժամանակահատվածում և ապագայի համար»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նա հիշեցրել է, որ այս տարին հոբելյանական է երկկողմ հարաբերությունների համար` նշվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
«Այս տարիները սերտ համագործակցության տարիներ էին, և մենք հասանք իրական դաշնակցային հարաբերությունների: Նման հարաբերությունների բնույթն էլ հենց օրակարգ է թելադրում»,- ասել է Սերժ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կլինի բովանդակային և կանցնի փոխադարձ վստահության մթնոլորտում: