Սերժ Սարգսյանին ՄԳԻՄՕ-ի «Պատվավոր դոկտորի» կոչում է շնորհվել

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-­ին այցելեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ի թղթակիցը Մոսկվայից, ինստիտուտում Սերժ Սարգսյանին դիմավորեց ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը:

Ինստիտուտում շրջելուց հետո ՀՀ Նախագահը հանդիպում ունեցավ ՄԳԻՄՕ­-ի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիպման մեկնարկին ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովն ընթերցեց ՄԳԻՄՕ-­ի գիտական խորհրդի որոշումը, որով ՀՀ Նախագահին շնորհվեց ինստիտուտի «Պատվավոր դոկտորի» կոչում: Ներկայացնելով հյուրին` ռեկտորը նշեց, որ ՀՀ Նախագահի` ՄԳԻՄՕ կատարած այցը մեծ հարգանքի նշան է ուսանողության և հենց այդ համալսարանի նկատմամբ:

«Գիտենք, որ Դուք, պարոն Նախագահ, մեծ ուշադրություն եք դարձնում երիտասարդության խնդիրների»,­-նշեց Տորկունովը: Ռեկտորի խոսքով`
ՄԳԻՄՕ-­ն պատմականորեն պարտական է հայ ընտանիքներին իրենց ներդրման համար, մասնավորապես՝ Լազարյանների ընտանիքին: Նա նաև շեշտեց, որ համալսարանի կապերը Հայաստանի հետ պահպանվել են նաև հետխորհրդային տարիներին: Անկախությունից ի վեր ՄԳԻՄՕ-­ն ավարտել են 150 ՀՀ քաղաքացիների, իսկ ներկայում ուսանում են 50­-ը:

«Ձեր այցն անցնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-­ամյակի նախօրեին: Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցներից է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհում»,­-դիմելով ՀՀ Նախագահին` նշեց Տորկունովը:

Պարգևատրման արարողության ավարտին հնչեց համալսարանականների հիմնը` «Գաուդեամուսը»: ՀՀ Նախագահն էլ շնորհակալություն հայտնեց ինստիտուտի գիտական խորհրդին կոչումի շնորհման համար և շեշտեց, որ ՄԳԻՄՕ-­ն իր ներդրումն է ունեցել հայտնի դիվանագետների, քաղաքական­պետական գործիչների, բիզնեսմենների ու լրագրողների պատրաստման գործում:

«Կցանկանայի այսօր շնորհակալությամբ նշել այն կարևոր ներդրումը, որ ՄԳԻՄՕ-­ն ունի Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում, ովքեր կիրառել ու կիրառում են իրենց գիտելիքների պաշարը, որ ձեռք են բերել այս կարևոր կրթական հաստատությունում, միջազգային հարաբերությունների ոլորտում, այդ թվում` մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,­-ընդգծեց Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս