Բաժիններ՝

Տաքսու վարորդների առաջարկը՝ կառավարությանը և նախագահին

«Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց այն երկու առաջարկությունները, որոնք տաքսու վարորդներն ուղղում են կառավարությանը և նախագահին:

Սերգեյ Գյոզալյանի դիտարկմամբ` բազմաթիվ դեպքեր են լինում, երբ սխալ տուգանքներ են գրվում, վարորդներին նվազ խախտումների համար տուգանքներ են ուղարկվում, որոնք հետագայում բեկանվում են կա՛մ Ճանապարհային ոստիկանության վերադաս ատյանում, կա՛մ դատարաններում, բայց վարորդների ընդամենը 30%-ն է դիմում բեկանման համար:

«Մենք առաջարկում ենք կառավարությանն օրենսդրորեն սահմանել այսպիսի մի նորմ. այն պաշտոնատար անձը, ով տուգանքի որոշում է կայացնում, բայց այդ տուգանքը հետագայում բեկանվում է իր վերադասի կողմից կամ դատարանում, ուրեմն պետք է իր գրպանից իր նշանակած տուգանքի չափով գումար մուծի կամ ենթարկվի ֆինանսական համապատասխան տույժի»:

Երկրորդ առաջարկությունը, որ ներկայացրեց բանախոսը կառավարությանը, հետևյալն էր.

«Այսօրվա դրությամբ նկատվում է, որ վատ է կազմակերպված ճանապարհային երթևեկությունը, երթևեկության բազմաթիվ նշաններ իրար հակասում են, մենք առաջարկում ենք՝ տաքսու լիցենզիաներից, կարմիր գծերից գոյացած գումարները, ինչպես նաև՝ վարորդների տուգանքներից եկած գումարները փոխանցել մի հաշվեհամարի կամ հիմնադրամ ստեղծել հասարակական կազմակերպությունների վերահսկողությամբ, ստեղծել աշխատանքային խումբ` մասնագետներից կազմված, որոնք կկազմեն պլան: Հետևաբար, առաջարկում ենք` այս բոլոր գումարները ծախսել ՀՀ-ում ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար»:

Սերգեյ Գյոզալյանը նաև տեղեկացրեց, որ մի քանի օրից կազմակերպությունն իր միջոցներով ՀՀ տաքսու վարորդներին տրամադրելու է տաքսու սակաչափիչներ, որի համար պետք է զանգահարել 077- 80-47-77 հեռախոսահամարով: Սակաչափիչները ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել մեքենայի տեխանձնագիրը, վարորդական իրավունքը և անձնագրի պատճենը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս