«Նույնիսկ ՆԱՏՕ-ի նման միությունն է այսօր երերում». Լուկյանովը անհնարին է համարում Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա միությունը
«Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա միության մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ թեւակոխել ենք մի ժամանակաշրջան, երբ միության մասին նախկին պատկերացումներն այլեւս գոյություն չունեն. նույնիսկ ՆԱՏՕ-ի նման միությունն է այսօր երերում: Կարող եմ ասել, որ երբ հայտնվում է մի եռանկյունի՝ օրինակ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան, որը փորձում է ինչ-որ բան անել Սիրիայում, սա ինձ համար ոչ մի դեպքում չի կարող նշանակել, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը դաշնակիցներ են:
Պարզապես ինչ-որ կոնկրետ իրավիճակում մասնակիորեն համընկել են նրանց շահերը, եւ նրանք փորձում են նպաստել կոնկրետ ինչ-որ մի հարցի լուծմանը: Ինչ վերաբերում Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային, իհարկե ոչ մի միություն էլ այստեղ չկա, նույնիսկ չէի էլ ասի, որ հարաբերությունների հեռանկար կա»,- ասաց նա:
Վերլուծաբանի խոսքով՝ այս երկրները եւս ունեն ընդհանուր շահեր ու դիտարկում են՝ որտեղ կարող են դրանք համընկնել:
«Հասկանում եմ, որ այս հարցը Հայաստանում, գուցե, այլ կերպ ընդունվի, բայց ցանկանում եմ՝ եւս մի բան հասկանանք, որ սա ո՛չ դաշնակցություն, ո՛չ էլ միություն չէ, հնարավոր էլ չէ այդպիսի բան:
Պետք է պարզապես առանձին նայել երկրների դիրքորոշումներին եւ դիտարկել հատման կետերը, որոնք ըստ իս՝ բավականին համեստ են: Այն, որ Ռուսաստանը հարաբերություններ է հաստատում բոլոր նրանց հետ, ում անհրաժեշտ է համարում, կասկած չկա, սակայն Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այս ուղղությամբ ցանկացած քայլ կատարելիս Հայաստանին՝ որպես դաշնակցի, պետք է ներկայացնի, որ դա որեւէ սպառնալիք չի հանդիսանում»,- ասաց ռուս վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ-Թայիփ Էրդողանը Ռուսաստան կատարած այցի շրջանակում հայտարարել էր Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միության ձեւավորման մասին: