«ՀՀԿ տնտեսական ծրագիրը խարխսված է 4 հիմնական կետերի վրա». Դավիթ Սարգսյան

«Կան և շատ ձեռքբերումներ, և շատուշատ խնդիրներ, որոնք Հանրապետական իշխանությանը չի հաջողվել լուծել»,- այսօր այս մասին ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրային օրակարգին նվիրված, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական ծրագրային առաջնահերթությունները։

Նա նշեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրը խարսխված է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի վրա։ Նրա խոսքով՝ առաջընթացը կապված է հասարակական գործունեության բոլոր ոլորտների հետ, որոնցից, այնուամենայնիվ, ամենակարևորը վերաբերում է տնտեսական զարգացմանն ու տնտեսական ծրագրին, առաջարկություններին։

Դավիթ Սարգսյանի փոխանցմամբ՝ ՀՀԿ տնտեսական ծրագիրն ընդհանուր առմամբ խարսխված է 4 հիմնական կետերի վրա՝ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության շարունակական ապահովում, ներդրումային միջավայրի համար պայմանների ստեղծում ու ներդրումների ապահովում, տնտեսվարող սուբյեկտների, բիզնես, տնտեսական նախաձեռնությունների, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտին աջակցություն, խթանների տրամադրում և տնտեսական հավասար մրցակցային պայմանների ապահովում։ Ըստ բանախոսի՝ այս չորս հիմնարար կետերի վրա հետագայում ներկայացված է այն տեսլականը, այն միջոցառումները, անելիքը, որը ՀՀԿ-ն առաջարկում է և տեսնում է՝ որպես իր հիմնական անելիք առաջիկա տարիներին։

«Իհարկե, առաջին ամենակարևոր կետերը շարունակում են մնալ գործարար միջավայրը, միջավայրի խութերը, վարչարարության հետ կապված ոչ հավասար կիրառումը, խոչընդոտների վերացումը, որի արդյունքում աջակցություն պետք է ինչպես փոքր միջին ձեռնարկատիրության ոլորտին, այնպես էլ ընդհանուր առմամբ ողջ գործարար միջավայրին։ Կարևոր կետերից է նաև ներդրումների ներգրավումը, որովհետև ներդրումների ներկայիս մակարդակը բավարար չէ, և ներկայացված են այն ծրագրերը, միջոցառումները, անելիքները, որոնք, ըստ մեզ, պետք է բերեն նրան, որ ներդրումների ծավալի աճ գրանցվի»,- ասաց Դավիթ Սարգսյանը։

Ի պատասխան միջոցառման վարող, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանի հարցի, թե՝ որո՞նք են եղել Հանրապետական իշխանության տնտեսական երեք ձեռքբերումները, ՀՀԿ խորհրդի անդամ Սարգսյանը պատասխանեց, որ հաջողություններն ու անհաջողությունները շատ են։

«Բայց օրինակներ կարող եմ բերել։ ՀՀ մարզերում վերջին հինգ տարիների ընթացքում ունենք հիվանդանոցներ՝ ամբողջությամբ վերանորոգված, նոր տեխնոլոգիաներով, ներդրումներ, որոնք իրականացվել են այդ ոլորտում, կամ, օրինակ, այն հաջողությունները, ներդրումները, որոնք տեղի են ունեցել հեռահաղորդակցության ոլորտում, այսինքն՝ ես կարծում եմ, որ ակնհայտ է, հեռահաղորդակցության ոլորտում վերջին ութ կամ տասը տարիների ընթացքում աճ է գրանցվել, որը նույնպես հաջողություն է։ Հաջողությունների շրջանակում կարող ենք արձանագրել այլ ցուցանիշներ, բայց դրանց մասին խոսելով՝ կարող ենք արձանագրել, որ, իհարկե, դրանք բավարար չեն։ Կան և շատ ձեռքբերումներ, և շատուշատ խնդիրներ, որոնք մեզ չի հաջողվել լուծել»,- արձանագրեց Սարգսյանը։

Մեկնաբանելով ՀՀԿ ծրագրում տեղ գտած 3,2 % տնտեսական աճի ցուցանիշը՝ Դավիթ Սարգսյանն ասաց, որ 2017թ. համար թիրախայինը 3,2% ցուցանիշն է։

«Բայց մենք նաև ֆիքսում ենք, որ 2017թ. ավելի շատ կայունացման տարի է լինելու, և մենք դուրս ենք գալու ավելի շատ այն միջնաժամկետ տնտեսական աճին, որը մեր համար թիրախային է լինելու հաջորդ տարի։

Մենք նույնպես միջին ժամկետում նշում ենք, որ թիրախային տնտեսական աճի ցուցանիշը կազմելու է 5-6%։ Կարող ենք ասել, որ գուցեև 10% կարող ենք ապահովել, բայց մենք իրատես ենք, ապրում ենք որոշակի միջավայրում, և այդ միջավայրը, բացի նրանից, որ ընդգրկում է Հայաստանն ու ՀՀ տնտեսությունը, նաև մի մեծ օվկիանոս է, որի անունն աշխարհ է, և Հայաստանի տնտեսությունը, միջավայրը, ռեգիոնն ամբողջությամբ ազդում են մեր տնտեսության վրա։ Ուստի մենք թիրախավորում ենք և իրատեսական ենք համարում 5-6% տնտեսական աճի ապահովումը թիրախային կետ»,- մեկնաբանեց Դավիթ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս