Բաժիններ՝

Բոլոր ժամանակների լավագույն քամբեքը. ֆուտբոլային աշխարհը՝ «Բարսելոնայի» հաղթանակի մասին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրակափչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան հանդիպումը կմնա պատմության մեջ, քանի որ կատալոնացիները կարողացան անել անհնարինը՝ դուրս գալ հաջորդ փուլ՝առաջին խաղում 4:0 հաշվով պարտվելուց հետո: Ֆուտբոլային աշխարհն այս խաղը համարում էր անհետաքրքիր, քանի որ գրեթե ոչ ոք, անգամ կատալոնացիների ամենահավատարիմ երկրպագուները չէին հավատում, որ թիմը կարող է դուրս գալ հաջորդ փուլ: Սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հավատում էին, և դա նկատելի էր հանդիպման առաջին իսկ րոպեներից:

6:1 և 6:5 ընդհանուր հաշիվներով կատալոնական ակումբը հաջորդ փուլում է: Այս պատմական իրադարձությունն անտարբեր չի թողել ֆուտբոլով հետաքրքրվող ոչ մի մարդու:

Առաջին հերթին՝ անդրադառնանք կատալոնական և փարիզյան ակումբի ֆուտբոլիստների և մարզիչների կարծիքներին և առաջին էմոցիաներին:

Խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նեյմարը, խաղից հետո նշել է, որ երջանիկ է, քանի որ սա իր կարիերայի լավագույն խաղն էր՝ թե՛ սցենարի, թե՛ խաղի մակարդակի առումով:

Կարդացեք նաև

«Մենք հավատում ենք մեզ ու մեր նպատակներին: Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել ցանկացած թիմի:

Պարտությունից հետո շատ բարդ օրեր ունեցանք, բայց կարողացանք  հավաքվել և լրջորեն պատրաստվել այս խաղին»,- նշել է ֆուտբոլիստը:

Նեյմարը նշել է նաև, որ վերջին դրվագում ինքն է ասել Ռոբերտոյին, որ գնա տուգանային հրապարակի այն հատված, որտեղից խփվեց հաղթական գոլը:

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վերատին նշել է, որ Կավանիի գոլից հետո կրքերը հանգստացան, և կատալոնական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ անգամ ասացին իրեն, որ ամեն ինչ ավարտված է:

«Սա խաղ է, որը երբեք չի մոռացվի: 3 գոլ՝ 7 րոպեո՞ւմ: Սա ֆուտբոլ է, բայց հավատալը, միևնույն է, անհնար է:

«Բարսելոնան» արժանիորեն  անցավ հաջորդ փուլ: Նրանք անհավատալի շատ փոխանցումներ էին անում:

Մրցավա՞րը: Մեր պարտության մեջ մրցավարը կապ չուներ: Ամեն ինչ մեզնից էր կախված»,- նշել է իտալացի ֆուտբոլիստը:

Վերատիի հետ համաձայն է նաև ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան: Սիլվան նշել է, որ Սուարեսի դեպքում, կարծես թե, 11-մետրանոց չկար, սակայն պետք չէ մեղադրել մրցավարին, քանի որ ՊՍԺ-ն չէր խաղում, և պարտությունը նորմալ էր:

Կատալոնական ակումբի պաշտպան Պիկեն, ինչպես միշտ, հետաքրքիր մեկնաբանություն է արել խաղից հետո: Պիկեն նշել է, որ կգնա նշելու հաղթանակը, չնայած վաղը մարզման է: Պիկեն նշել է, որ իսպանական հիվանդանոցները և ծննդատները  պետք է ավելի շատ աշխատակիցներ ընդունեն, քանի որ այս գիշերը լինելու է սիրո գիշեր:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում տեղի էր ունենում ևս մեկ հանդիպում՝ «Բորուսիա Դորտմունդ»-«Բենֆիկա»: Սակայն այս խաղը մնաց ստվերում կատալոնական ակումբի խելահեղ խաղի պատճառով: Դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ  «Բարսելոնայի» խաղից հետո դորտմունդյան ակումբի 4:0 հաշվով տարած հաղթանակը շատ համեստ և անշուք է թվում: Տուխելը նշում է, որ միշտ է համակրել կատալոնացիներին և անչափ ուրախ է նրանց համար:

Չեմպիոնների լիգայի այս հանդիպումն անտարբեր չի թողել ամբողջ ֆուտբոլային աշխարհը: Խաղի ավարտից հետո ամբողջ համացանցը ողողվեց տեսանյութերով, նկարներով և մեկնաբանություններով:

Առանձնացրել ենք դրանցից ամենահետաքրքիրները:

Խաղի ավարտից հետո համացանցում հայտնվեց տեսանյութ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Գարի Լինեկերի, Ռիո Ֆերդինանդի, Մայքլ Օուենի և Սթիվեն Ջերարդի մասնակցությամբ, ովքեր խելահեղ կերպով տոնում էին 94-րդ րոպեին խփված՝ խաղի 7-րդ գնդակը:

Հայտնի երգչուհի Շակիրան, ով Ժերարդ Պիկեի կինն է, ևս տեսանյութ է հրապարակել անմիջապես Կամպ Նոու մարզադաշտից և  գրել է՝ «Պատմական պահ է: Ինչքան հրաշալի է ֆուտբոլը»:

View this post on Instagram

Un momento para los anales de la historia!!! Shak

A post shared by Shakira (@shakira) on

Արդա Թուրան, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Դուք ասում եք՝ ֆուտբոլային ակումբ, մենք ասում ենք՝ «Բարսա»: Դուք ասում եք՝ հրաշք, մենք ասում ենք՝ նորմա»:

Ջոու Բարթոն,  «Բերնլիի» ֆուտբոլիստ

«Երբեք չեմ տեսել նման բան»:

Գարի Լինեկեր, մարզական փորձագետ

«Հրաշալի է: Բոլոր ժամանակների լավագույն խաղը»:

Կառլես Պույոլ,  «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ

«Այո: Հպարտանում եմ այս ակումբով: Մենք փառահեղ ենք»:

Ալեքս Մորգան, ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստ

«Այս սա քամբեք է: Ես ոգեշնչված եմ զգում»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս