Որոնք են աշխարհի ամենալավ և ամենավատ օդանավակայանները
Ճանապարհորդներն աշխարհում լավագույնն են ճանաչել Ֆինլանդիայի Հելսինկի-Վանտաա օդանավակայանը: Այս մասին գրել է Daily Mail թերթը:
Ֆինլանդիայի մայրաքաղաքի օդային նավահանգիստը գլխավորել է 10 դիրքից բաղկացած այն ցուցակը, որը eDreams միջազգային տուրիստական գործակալության փորձագետների կողմից կազմվել է ավելի քան 65 հազար ճանապարհորդների գնահատականների հիման վրա:
Երկրորդ տեղը բաժին է ընկել Գլազգոյի (Մեծ Բրիտանիա) միջազգային օդանավակայանին: Երրորդ դիրքում հայտնվել է շվեյցարական Ցյուրիխի օդային նավահանգիստը: Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներն զբաղեցրել են գերմանական տրանսպորտային հանգույցները: Խոսքը վերաբերում է Մյունխենի Ֆրանց-Յոզեֆ Շտրաուսի անվան օդանավակայանին եւ Մայնի Ֆրանկֆուրտի ավիահանգրվանին:
Տասնյակում նվազման կարգով նաեւ տեղ են գտել Ժնեւի, Բանգկոկի (Սուվարնաբհումի), Թել Ավիվի (Բեն Գուրիոնի անվան օդային նավահանգիստ), Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի եւ Դուբլինի (Իռլանդիա) օդանավակայանները:
Բացի այդ, զբոսաշրջիկները նշել են աշխարհի ամենավատ օդանավակայանը: Այն գերմանական Բեռլին-Շյոնեֆելդն է: Հակավարկանիշի եռյակում տեղ են գտել Լոնդոնի Լութոն եւ Նյու Յորքի Լա-Գուարդիա օդանավակայանները:
Այս ցուցակները կազմվել են՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ մաքրությունը, զննման գոտու աշխատանքի արդյունավետությունը, ռեստորանների ու խանութների առկայությունը օդանավակայաններում եւ այլն: