Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումն ավարտվել է. Օրակարգում երկկողմ կապերն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորումն են
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ կապերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, ՀՀ Նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ֆրանսուա Օլանդը հիշատակել է, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
«Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և մենք ցանկանում ենք աշխատել կարգավորում գտնելու ուղղությամբ: Մենք արձանագրել ենք, որ վերջին շաբաթներին և ամիսներին տեղի են ունեցել մի շարք միջադեպեր: Միջադեպերի հետաքննության մեխանիզմի առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք հակառակ են խաղաղությանը», շեշտել է Ֆրանսիայի նախագահը: Նրա խոսքով` Ֆրանսիան ցանկանում է գտնել խնդրի քաղաքական լուծումը: