Հարկերի հավաքագրումը հունվարին աճել է
2017 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 84 մլրդ 263.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա հունվարի 75.9 մլրդ դրամի դիմաց։ Բյուջեի եկամուտներն աճել են 11%-ով։
Այդ թվում, հարկային եկամուտները 2016 թվականի հունվարի համեմատ աճել են 8.9%-ով։ Տարվա առաջին ամսվա ընթացքում տնտեսությունից հավաքագրվել են 80.28 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
Հարկերի ամենամեծ աղբյուրը ԱԱՀ-ն է։ Հունվարին հավաքագրվել է 33.07 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, ինչը 6.5%-ով գերազանցում է 2015-ի հունվարի ցուցանիշին։
Եկամտային հարկի հավաքագրումն աճել է 3.1%-ով և կազմել 23.2 մլրդ դրամ։
Շահութահարկը հակառակը՝ նվազել է 30.8%-ով. 2016 թվականի հունվարին պետբյուջեն շատութահարկի հաշվին համալրվել է 4 մլրդ 675.9 մլն դրամով։
Ըստ մեծության՝ չորրորդ խոշոր հոդվածը ակցիզային հարկն է։ Ինչպես տեսնում եք ակցիզային հարկի հավաքագրումը շեշտակի աճել է՝ 2.1 անգամ, և կազմել ավելի քան 6.9 մլրդ դրամ։
Բանն այն է, որ նախորդ տարի ընդունված Հարկային օրենսգրքի՝ ակցիզային հարկի վերաբերյալ դրույթն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարի 1-ից։ Մասնավորապես, ծխախոտի և օղու արտադրանքի դրույքաչափերը համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն: Ըստ այդմ, նախատեսվում է 2017-2021 թվականի ընթացքում սահուն, ըստ տարիների, որոշակի չափով վերանայել ծխախոտի, օղու արտադրանքի, ինչպես նաև՝ վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:
Մյուս հարկատեսակների ծավալներն ու փոփոխությունները մանրամասն ներկայացված են աղյուսակում։