«Մենք կարող ենք հայ-ռուսական հարաբերությունները փրկել». Խաչատուր Քոքոբելյան

«Մեր ցուցակում չկա մարդ, որ ազատական չէ, մեզ մոտ բոլորը ԵՏՄ-ից դուրս գալն առանցքային խնդիր են համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշեց, որ իրենց մոտ զտարյուն գաղափարախոսության վրա հիմնված ցուցակ է. «Կարող եմ ասել, որ միակ քաղաքական ուժն «Ազատ դեմոկրատներն» են, ովքեր առաջնորդվում են և առաջնորդում են Հայաստանը դեպի Եվրամիություն: Մենք, ավելին, գտնում ենք, որ Հայաստանն ամբողջովին պետք է դառնա եվրոպական մեծ ընտանիքի անդամ: Գտնում ենք, որ Հայաստանի համար ԵՏՄ-ն ոչ թե հնարավորություն է, այլ լուրջ մարտահրավեր, դրա վառ ապացույցն էր քառօրյա պատերազմը նաև: Մենք դեմ չենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, հակառակը՝ մենք գտնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր շատ վատ վիճակում են, և այս հարաբերությունները փրկելու կարիք կա: Մենք գտնում ենք, որ կարող ենք Հայաստանը բերել ճիշտ ուղու վրա՝ դա եվրոպական ուղղությունն է, մենք գտնում ենք և կարող ենք հայ-ռուսական հարաբերությունները փրկել, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն գործընկերային և միևնույն մակարդակի վրա գտնվող»:

Խ. Քոքոբելյանը մնացած բոլոր քաղաքական ուժերին իրենց մրցակից է համարում, քանի որ, նրա խոսքով, բացի իրենցից, մնացած բոլորը գտնում են, որ Հայաստանի զարգացման ուղղությունը ռուս-բելառուսական միությունն է, որը կոչվում է ՀԱՊԿ կամ ԵՏՄ. «Չկա որևէ այլ քաղաքական ուժ, որը գտնում է, որ Հայաստանի զարգացումն առանց այդ ԵՏՄ-ից դուրս գալու՝ հնարավոր է: Մնացած բոլոր քաղաքական ուժերն ասում են՝ ես այս կանեմ, այն կանեմ, բայց բոլորը պատկերացնում են այդ հարթակում: Մենք Հայաստանի տեղը, դիրքն ու զարգացման հնարավորությունը պատկերացնում ենք այդ հարթակից դուրս: Ավելին, մենք ասում ենք՝ Հայաստանը Եվրոպա է, և վերջ»:

Խ. Քոքոբելյանը վստահ է, որ իրենք ընդգրկվելու են առաջիկա խորհրդարանի կազմում. «Շեմը հաղթահարելու հարցը նույնիսկ չեմ քննարկում, մենք մեր յուրաքանչյուր ձայնի տեղը գիտենք: Ես հստակ ասում եմ՝ ոչ մեկը փրկիչ չէ, այդ թվում՝ նաև մենք, բայց մենք այնպիսի ուղղություն, հնարավորություն ենք ցույց տալիս և ասում ենք՝ Հայաստանի զարգացման հնարավորությունը սրանում է»:

Կարդացեք նաև

Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ Խ. Քոքոբելյանը նշեց, որ հետընտրական պրոցեսները միշտ շատ սուբյեկտիվ են լինում. «Մենք ինքներս շատ ենք եղել, ու չի եղել դեպք, որ մենք Օպերայում չենք եղել, բայց այն մեթոդաբանությունը, որ ընդդիմությունը մինչև այսօր աշխատացրել է, արդյունք չի տվել: Ցավում եմ, որ այս Ընտրական օրենսգրքով ենք մենք գնում ընտրության, որովհետև այս Ընտրական օրենսգիրքը ճիշտ քաղաքական մրցակցությունը տեղափոխում է ռեսուրսների պայքար: Այն ընդդիմադիրները, որոնք ջանասիրաբար պաշտպանել են այս օրենսգիրքը, ասել եմ ու կասեմ, ինչպես սազը ձեռքներին գովաբանում էին այդ Ընտրական օրենսգիրքը, ընտրություններից հետո լացակումած կբողոքեն այս Ընտրական օրենսգրքից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս