Մարտի վերջին ջերմաստիճանն Արարատյան դաշտում և Երեւանում կհասնի 18-20 աստիճանի
Հանրապետությունում մարտին սպասվում է նորմայի սահմաններին մոտ ջերմաստիճան: Տեղումների քանակը եւս նորմային մոտ կլինի:
«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` մարտին սպասվում են նաեւ կլիմայական վայրիվերումներ: Կլինեն օրեր, երբ, արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման հետ կապված, եղանակը կտաքանա, կլինեն օրեր, երբ արկտիկական ճակատներն իրենց հետ կբերեն ջերմաստիճանի նվազում եւ տեղումներ: «Առանձին օրերին, հատկապես մարտի երրորդ տասնօրյակին, ջերմաստիճանն Արարատյան դաշտում եւ Երեւանում կհասնի 18-20 աստիճանի: Մարտի առաջին եւ երկրորդ տասնօրյակներում, սակայն, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչեւ 8, 10»,ասաց նա:
Մեր այն հարցին, թե երբ, վերջապես, մայրաքաղաքից կանհետանա մառախուղը, օդերևութաբանության կենտրոնի պետը հստակ ժամանակահատված չնշեց: «Մառախուղի առաջացման պատճառը տաք եւ սառը օդային հոսանքների շփումից առաջացած ջրային գոլորշիների խտացումն է»,հավելեց Սուրենյանը: